Ռուբեն Վարդանյանն ասել է, թե ում հետ է աշխատելու
Արցախի Հանրապետության պետական նախարար, օպերատիվ շտաբի պետ Ռուբեն Վարդանյանն այսօր ընդլայնված խորհրդակցություն է հրավիրել՝ պետական մարմինների ղեկավար կազմի մասնակցությամբ:
Պետնախարարը նշել է, որ Ադրբեջանի կողմից շարունակվող շրջափակումը պահանջում է ոչ միայն հրատապ խնդիրների վերաբերյալ որոշումների կայացում, այլև ստիպում է աշխատանքները նոր ձևով կազմակերպել, քանի որ նոր մարտահրավերներին հնարավոր է դիմակայել միայն համակարգված և թիմային աշխատանքով: Այս իրավիճակում նա առանցքային է համարել կարգապահությունն ու թափանցիկ աշխատանքը:
Ռուբեն Վարդանյանը նշել է, որ չնայած ադրբեջանական կողմն ամեն կերպ փորձում է աշխարհին ցույց տալ, թե շրջափակում չկա, սակայն երեկ ռուսական խաղաղապահ զորակազմի ուղեկցությամբ Գորիսից Ստեփանակերտ տեղափոխվող երեխաների հետ կապված միջադեպն ապացուցում է հակառակը. «Կատարվել է անընդունելի դեպք, որը հաստատեց, որ ճանապարհը փակ է մնում: Շուրջ վեց շաբաթ ընտանիքից բաժանված երեխաներին փորձ է արվել վերադարձնել խաղաղապահների միջոցով, բայց տեսանք, որ անգամ այս պարագայում ադրբեջանցիներն իրենց թույլ են տվել մտնել երեխաներին տեղափոխող մեքենա, նկարահանում կատարել. սա ակնհայտ ոտնձգություն է, և մեծ սթրես է եղել երեխաների համար»:
Խոսելով շրջափակման պատճառների մասին՝ պետնախարարը նշել է. «Սա քաղաքական շրջափակում է, սա միայն ճանապարհի արգելափակում չէ: Ադրբեջանի նպատակը Արցախի սուբյեկտայնությունը ոչնչացնելն է: Պայքարը գնում է սուբյեկտայնության համար»:
Պետնախարար Ռուբեն Վարդանյանը կառավարության անդամներին պարզաբանել է իրավիճակի հետ կապված իր մոտեցումները:
«Ես հստակ ասում եմ, որ մեր նպատակն է ունենալ անկախ Արցախ, որը պետք է լինի անվտանգ և զարգացած։ Դա շատ կարևոր նպատակ է, որին հասնելը շատ դժվար է։ Բայց ես դա՛ եմ համարում միակ ճանապարհը ու եկել եմ, որ միասին ամեն ինչ անենք՝ այդ նպատակին հասնելու համար»,-ասել է պետնախարարը:
«Հաջողության հասնելու միակ ճանապարհն այն է, որ մենք միասնական լինենք, ու ես, այո՛, աշխատելու եմ բոլոր նրանց հետ, ովքեր համաձայն են իմ սկզբունքների հետ: Հիմա մենք այնպիսի կետում ենք, որ ձախողվելու իրավունք չունենք»:
Գնահատելով ստեղծված իրավիճակը՝ նա նշել է, որ այն չափազանց բարդ է, քանի որ ճգնաժամի պայմաններում արդեն հին համակարգն ու մեխանիզմները չեն գործում և անհրաժեշտ է համարել ճգնաժամին արձագանքող ճկուն լուծումներով նոր ու ավելի արդյունավետ համակարգի ձևավորումը:
Խորհրդակցության ընթացքում քննարկվել են նաև շրջափակման հետևանքով մի շարք ոլորտներում ստեղծված խնդիրներն ու այդ պայմաններում բնակչության կենսագործունեության ապահովմանն ուղղված միջոցառումները:
Նմանատիպ հոդվածներ
Արցախից հաստատում են՝ ադրբեջանական կողմի հետ հանդիպում եղել է. մանրամասներ
Արցախից հաստատում են, որ Ղարաբաղի իշխանությունների ներկայացուցիչները նախօրեին Լաչինի հարցով հանդիպել են Ադրբեջանի ներկայ...
Հայ-ադրբեջանական սահման ՀԱՊԿ առաքելություն ուղարկելու մտադրությունը դեռ ուժի մեջ է. Լավրով
Հայ-ադրբեջանական սահման Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) առաքելություն ուղարկելու մտադրությունը...
Արցախում հայերի դեմ ցեղասպանության սպառնալիքը լուրջ է. Լեմկինի ինստիտուտը կոչով դիմել է աշխարհի ղեկավարներին
Ադրբեջանը փորձում է մեզ: Պետք է լրջորեն վերաբերվել Արցախում հայերի դեմ իրականացվող ցեղասպանության սպառնալիքին։ Այսօր Ցեղ...
Միջազգային դիրքորոշումը վաղ թե ուշ շատ կոնկրետ արդյունքների է հանգեցնելու. Միրզոյանը` ԵԱՀԿ–ում իր ելույթի արդյունքների մասին
Միջազգային հանրությունը բավականին հստակ պատկերացում ունի Լաչինի միջանցքում տեղի ունեցողի վերաբերյալ։ Ազգային ժողովում կա...