
«Եթե այս դրական ազդակի մեջ «փրկություն» փնտրենք ու մեր անգործության ալիբի, ապա հետևանքները կարող են տխուր լինել». Սուրենյանց

Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը գրում է. «Կա մեծ հավանականություն, որ հաջորդ երկուշաբթի Եվրոմիության երկրների արտգործնախարարների նիստում որոշում կկայացվի՝ դիտորդական նոր առաքելություն Հայաստան ուղարկելու մասին՝ առնվազն երկու տարով:
Իհարկե, խնդրին արժե հանգամանալից անդրադառնալ, երբ Բրյուսելում վերջնական որոշում կայացվի:
Առայժմ սահմանափակվեմ մի քանի նախնական դիտարկումներով:
Նման անզեն առաքելությունների դերը չի կարելի ոչ թերագնահատել և ոչ էլ՝ գերագնահատել:
Հայաստանի անվտանգային միջավայրն այնքան խոցելի վիճակում է, որ անգամ նման առաքելությունն որոշակի կայունության հույսեր է ծնում:
Մյուս կողմից, եթե այս կարգի առաքելության մեջ «փրկություն» փնտրենք ու մեր անգործության ալիբի, ապա հետևանքները կարող են տխուր լինել, մանավանդ, որ այդ առաքելության ձախողման հարցում շահագրգիռ են գրեթե բոլոր տարածաշրջանային խաղացողները՝ Ադրբեջանը, Թուրքիան, Իրանը, Ռուսաստանը:
Կարևոր է, որ գնահատենք Բրյուսելից եկած դրական ազդակն՝ առանց էյֆորիայի»: