ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ռուսական կողմը ուժ կիրառել չի ուզում. Վահագն Խաչատուրյանը` Արցախի շրջափակման մասին

Ռուսական կողմը չի ուզում ուժ կիրառել. նրանք ցանկանում են բանակցությունների միջոցով հարցը լուծել։ Այս մասին այսօր՝ հունվարի 16-ին, Էստոնիայի նախագահ Ալար Կարիսի հետ հանդիպումից հետո հայտարարեց ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը՝ անդրադառնալով այն հարցին, թե ինչ դեր ունեն խաղաղապահները Լաչինի միջանցքում ստեղծված իրավիճակում։

 

«2020 թվականի նոյեմբերի 9-ի պայմանավորվածությունների շրջանակում խաղաղապահները սկսեցին իրենց աշխատանքը եւ պետք է ապահովեին Լեռնային Ղարաբաղի եւ Հայաստանի միջեւ ուղիղ կապ։ Խոսքը 90 կմ ձգվող ճանապարհի մասին է։ Այդտեղ երկու պատասխանատուներ կան` խաղաղապահներ, որոնք պետք է ապահովեն անվտանգությունը, եւ Ադրբեջան, որը խոչընդոտներ չպիտի ստեղծի։ Հիմա Ադրբեջանն իր պարտավորությունները չի կատարում, արհեստական խոչընդոտ է ստեղծել, եւ դեկտեմբերի 12-ից մինչեւ այսօր փակ է այդ ճանապարհը։ Որպեսզի հասկանաք, թե ինչ խնդիրներ է դա առաջ բերում, ասեմ` այդ ճանապարհով օրական 300-400 մեքենա է անցել, որը տեղափոխել է Լեռնային Ղարաբաղի բնակչության կենսապահովման համար անհրաժեշտ ամեն ինչ` սննդամթերք, շինանյութ եւ այլն։ 40 օրերի ընթացքում ընդամենը 400 մեքենա է անցել, որոնք հիմնականում հումանիտար նպատակներով են տեղափոխություն իրականացրել։ Առաջնային անհրաժեշտության սննդամթերքը կտրոններով են տալիս, խանութներում վաճառելու ոչինչ չկա, պետությունն իր ռեզերվներից է տալիս, շատ դպրոցներ եւ մանկապարտեզներ փակ են, հովհարային անջատումներ են սկսվել եւ այլն»,- ասել է ՀՀ նախագահը։

 

Խաչատուրյանի խոսքով՝ մինչեւ այս դեպքը ռուս խաղաղապահներն իրենց պարտականությունները հստակ կատարել են. «Այս 2 տարվա ընթացքում մեկ կամ երկու դեպք էր տեղի ունեցել, որը շատ արագ լուծվել էր. ադրբեջանցիներն անցյալ տարի գազն էին անջատել, իրենց միջնորդությամբ արագ կարողացան վերականգնել։ Կարելի է ասել, որ մինչ դեկտեմբերի 12-ը միջանցքը հստակ աշխատում էր։ Հիմա ես հասկանում եմ, որ ռուսական կողմը չի ուզում ուժ կիրառել, նրանք բանակցությունների միջոցով են փորձում հարցը կարգավորել։ Բայց մենք հիմա պահանջ ունենք իրենց նկատմամբ։ Ադրբեջանի նկատմամբ էլ, իհարկե, ունենք, բայց Ադրբեջանը, ինչպես միշտ, արհամարհում է կամ որեւէ ձեւով չի արձագանքում, բայց մենք հույս ունենք, որ ռուսական կողմը կարձագանքի եւ ինչ–որ ձեւով միջոցներ կկիրառի, որպեսզի կարողանա էդ միջանցքն ապահովել»։

 

Վահագն Խաչատուրյանն ասել է, որ ինքը Լեռնային Ղարաբաղի ղեկավարների ու ռուս խաղաղապահների միջեւ տեղի ունեցող բանակցությունների մանրամասներին չի տիրապետում։