Երևան են հասել 156 նոր ավտոբուսներ

Երևան են ժամանել «Zhong Tong» մակնիշի 120 և «MAN» մակնիշի 36 ավտոբուս։ Այս մասին այսօր քաղաքապետարանում կայացած աշխատանքային խորհրդակցության ժամանակ հայտնեց «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ի տնօրեն Էլբակ Թարփոշյանը։

 

Ավտոբուսները Երևան են հասել խմբաքանակներով։ Քաղաքապետարանի տվյալներով` Երևանի հասարակական տրանսպորտը մինչև 2023 թվականի գարուն կթարմացվի 90% - ով։ Նախատեսվում է ձեռք բերել 165 նոր ավտոբուս, որոնցից 87–ը կլինի 12 մետրանոց MAN ավտոբուս։

Հիշեցնենք, որ Երևանի քաղաքապետարանի ենթակայության տակ գտնվող «Երևանի ավտոբուս» ՓԲԸ–ի 10 վարորդներ դեկտեմբերի 5–ին մեկնել էին Գերմանիա ` 12–օրյա վերապատրաստում անցնելու։

 

Հավելենք՝ 2021-ի դեկտեմբերի տվյալներով՝ երևանյան երթուղիներում ներգրավված էին 249 հատ 2011թ-ի արտադրության«Հիգեր» մակնիշի, 19 հատ 2010-2011 թթ-ի «Հունդաի» մակնիշի, 91 հատ 2005-2009թթ-ի «Բոգդան» և «ՊԱԶ» մակնիշների ավտոբուսներ, ինչպես նաև` մոտ 750 հատ 10 և ավելի բարձր տարիքի միկրոավտոբուսներ։