ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Մենք ապրում ենք մեր պատմության որոշիչ պահը». Դավիթ Բաբայանը ուղիղ եթերում էր

 Լեռնային Ղարաբաղի Հանրապետության (Արցախի Հանրապետություն) արտաքին գործերի նախարարի պաշտոնից հրաժարական տալուց հետո Դավիթ Բաբայանը կշարունակի ծառայել ժողովրդին եւ պետականությանը։ 

Բաբայանը Facbook-ում իր էջի ուղիղ եթերում շնորհակալություն է հայտնել Արցախի ժողովրդին եւ հանրությանը վերջին երկու տարիների ընթացքում ցուցաբերած հերոսության համար։ Շնորհակալություն է հայտնել ԱԳՆ ողջ ապարատին։ «Սա մեր հանրապետության ամենակայացած կառույցներից է»,- ընդգծել է Բաբայանը՝ հիշեցնելով, որ դիվանագիտական մակարդակով մղվող պայքարին զուգահեռ Արցախի ԱԳՆ աշխատակիցները ակտիվորեն մասնակցել են 2020 թվականի պատերազմին՝ կրելով կորուստներ։ 

Դավիթ Բաբայանը շնորհավորել է Սերգեյ Ղազարյանին Արցախի արտաքին գործերի նախարարի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ եւ մաղթել հաջողություններ։ 

Նախկին նախարարը հակիրճ ամփոփել է երկու տարվա աշխատանքի արդյունքները. «Այնքան էլ ճիշտ չէ, որ ես ինքս եմ ամփոփում արդյունքները, բայց մեծ աշխատանք է կատարվել։ Հանրությունն ուշադիր հետեւում է արտաքին քաղաքականությանն ու գործընթացներին։ Ամեն օր ընդունել եմ բազմաթիվ մարդկանց, նույնիսկ անցորդների, ովքեր եկել են ԱԳՆ՝ հետաքրքրվելու այս կամ այն գործընթացով։ ԱԳՆ հեղինակությունը հասարակության մեջ չափազանց բարձր է։ Վերջերս հարցում է անցկացվել, եւ ԱԳՆ-ը պատվավոր առաջին տեղն է զբաղեցրել է բնակչության վստահության առումով։ Սա բոլոր աշխատակիցների համատեղ աշխատանքի արդյունքն է։ Նույնն է եղել նաեւ գերատեսչության ղեկավարի վարկանիշի հարցման արդյունքը, սա բարձրագույն պարգեւ է՝ համաքաղաքացիների վստահությունն ու սերը»,- ընդգծել է Դավիթ Բաբայանը։ 

Ինչ վերաբերում է արտաքին ու ներքին հակառակորդներին ու թշնամիներին, Բաբայանը հիշեցրել է, որ արտաքին թշնամու՝ Ադրբեջանի համար ամենաշատ հիշատակվողներից են ԱԳՆ-ն ու անձամբ ինքը։ «Եվ սա լավագույն ցուցանիշն է։ Բայց կան նաեւ ներքին թշնամիներ, նրանք, ովքեր սպասարկում են հակապետական եւ ապազգային շահերը։ Ես պատրաստ եմ անունները թվարկել, բայց նրանց մակարդակին չեմ իջնի։ Եվ դա միայն անհատներ չեն, այլ ամբողջ կազմակերպություններ: Բայց մենք նաեւ նրանց ենք երախտապարտ։ Նրանք ցույց են տվել, որ մենք ճիշտ ենք աշխատում»,- ասել է Բաբայանը։ «Մենք ապրում ենք մեր պատմության որոշիչ պահը։ 2023 թվականը կարող է ջրբաժան լինել, և յուրաքանչյուրը պետք է գիտակցի պահի կարեւորությունը»,- շարունակել է նա։ Բաբայանը հայտարարել է, որ Արցախի ԱԳՆ-ն 2 տարվա ընթացքում հսկայական աշխատանք է կատարել Սփյուռքում, մի շարք ձեռքբերումներ՝ սկսած ընդունված փաստաթղթերից, վերջացրած երկկողմ հարաբերություններով։ «Այժմ Արցախի վարկանիշը ամենաբարձրն է վերջին տարիների ընթացքում, եւ սա ԱԳՆ աշխատանքի արդյունքն է»,- նշել է նախկին նախարարը։ 

«Արցախը փրկելու հնարավորություն դեռ կա։ Ես եւ իմ կուսակից գործընկերները շարունակելու ենք Արցախը պահպանելու մեր առաքելությունը։ Վստահ եմ, որ առջեւում ճանապարհը երկար ու դժվարին է, բայց կան հնարավորություններ։ Ապահով ապագայի ամենակարեւոր պայմանը ինքնամաքրումն է։ Արտաքին թշնամիներ եղել են եւ կլինեն, բայց ինքնամաքրումը դիմադրության ճանապարհն է։ Եվ նաեւ կարեւոր է, որ պետական համակարգը անխափան աշխատի։ Ձեզնից յուրաքանչյուրը կատարում է իր առաքելությունը, մի մտածեք, որ ձեզնից ոչինչ կախված չէ։ Մարդիկ գալիս են ու գնում, Արցախը կմնա։ Կլինի Արցախը, կլինի Հայաստանը. Եթե չլինի Արցախը, չի լինի նաեւ Հայաստանը»,- ընդգծել է Բաբայանը՝ հավելելով, որ 2023 թվականը կարող է շրջադարձային լինել նաեւ աշխարհաքաղաքականության համար։ 

Իր պլանների մասին Դավիթ Բաբայանն ասել է, որ մի շարք ծրագրեր ունի. «Անկախ պաշտոնից՝ ծառայել հայրենիքին»,- եզրափակել է նա։ 

Հիշեցնենք, որ մինչ արտաքին գործերի նախարար նշանակվելը Դավիթ Բաբայանը երկար տարիներ աշխատել է ԱԳՆ-ում եւ Արցախի նախագահի աշխատակազմում։ Նա ղեկավարում է Արցախի Պահպանողական կուսակցությունը։

Քաղաքականություն

Պատահարներ