Պարտավոր ենք պատրաստ լինել բոլոր հնարավոր զարգացումներին. Վարդանյան
Արցախի Հանրապետության պետական նախարար, օպերատիվ շտաբի պետ Ռուբեն Վարդանյանն այսօր ընդլայնված խորհրդակցություն է հրավիրել՝ պետական մարմինների ղեկավար կազմի մասնակցությամբ:
Ներկայացնելով Ադրբեջանի կողմից Արցախի շրջափակման հետևանքով ստեղծված ընթացիկ իրավիճակը՝ Ռուբեն Վարդանյանը նշել է, որ ձմռան այս օրերին Ադրբեջանը փաստացի խոչընդոտում է Հայաստանից էներգամատակարմանը:
«Իրավիճակը բարդ է, և ցանկանում եմ շնորհակալություն հայտնել մեր հասարակությանը, որը դիմանում է բոլոր դժվարություններին: Բազմաթիվ խնդիրներ ունենք թե՛ պարենի, թե՛ դեղորայքի հետ կապված։ Վերջին երկու օրերին գումարվեց նաև էլեկտրաէներգիայի խնդիրը: Ադրբեջանը ոչ միայն չի թողնում սննդամթերք, դեղորայք բերել, այլ խոչընդոտում է մասնագետների այցը վթարի վայր՝ էլեկտրաէներգիայի մատակարարումը վերականգնելու համար»,-նշել է պետնախարարը՝ կարևորելով ներքին ռեսուրսների խնայողական օգատագործումը:
Իրավիճակը բարդ է նաև մասնավոր հատվածում, քանի որ շրջափակման հետ կապված տնտեսությունը ևս ճգնաժամի մեջ է հայտնվել, բազմաթիվ մարդիկ կորցնում են աշխատանքը:
Պետնախարարի գնահատմամբ՝ Ադրբեջանի քաղաքականությունը հստակ է՝ ճնշումների միջոցով հասնել Արցախի հայթափմանը:
«Բայց մենք պայքարում ենք մեր հայրենիքում, մեր հողի վրա ապրելու իրավունքի համար: Ու շատ ոգևորիչ է, որ մեր ժողովուրդն ընդունում է այս մոտեցումը: Բայց դա մեզնից, որպես ղեկավարներ, պահանջում է ժողովրդի հետ ազնիվ ու անկեղծ լինել, հասկանալ իրավիճակի ողջ լրջությունը»:
Պետնախարարը ներկայացրել է նորանշանակ նախարարներին՝ Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Սերգեյ Ղազարյանին, արդարադատության նախարար Սրբուհի Արզումանյանին, սոցիալական զարգացման և միգրացիայի նախարար Արմեն Մանգասարյանին և վերանշանակված՝ քաղաքաշինության նախարար Արամ Սարգսյանին.
«Չեմ ուզում շնորհավորել նորանշանակ նախարարներին, այլ ուզում եմ շնորհակալություն հայտնել՝ այս չափազանց բարդ իրավիճակում պատասխանատվություն ստանձնելու համար»:
Պետնախարարը նշել է, որ կառավարությունն օգտագործում է բոլոր գործիքները՝ դիվանագիտական, իրավական, տեղեկատվական և շարունակում է ամեն ջանք գործադրել՝ ճանապարհը բացելու համար, բայց միաժամանակ նկատել է, որ որպես կառավարություն, պարտավոր են պատրաստ լինել բոլոր հնարավոր զարգացումներին:
Նա ուշադրություն է հրավիրել այն հանգամանքին, որ շրջափակումն էապես փոխում է մարդկանց կենսակերպը՝ պարտադրելով խնայողություններ ու սահմանափակումներ, և բնակչության կյանքը չի կարող լինել այնպես, ինչպես սովորական պայմաններում: Պետնախարարը կարևորել է բնակչության շրջանում իրազեկման և բացատրական աշխատանքների իրականացումը և պաշտոնյաների, օպերատիվ շտաբի անդամների անմիջական հանդիպումներն ու շփումները մարդկանց հետ:
Նմանատիպ հոդվածներ
Զանգեզուրի միջանցքի գործարկումն անխուսափելի է, անկախ նրանից՝ Հայաստանն ուզում է դա, թե ոչ. Ալիև
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը վստահեցրել է, որ միջանցքի բացումը ռազմավարական նախագիծ է Ադրբեջանի համար։ «Հայաստանն այսօ...
Փաշինյանի պնդումները մտահոգիչ են․ դրանք կապ չունեն արցախահայության դիրքորոշման հետ․ Արցախի ԱԽ
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի գլխավորությամբ հունվարի 11-ին հրավիրվել է Անվտանգության խորհրդի նիստ...
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ․ Ադրբեջանցի «բնապահպանները» մեկնել են Բաքվում տաքանալու. նրանց տեղում զինվորներ են. Le Figaro
Լաչինի միջանցքի արգելափակումը պատերազմի առաջին արարն է արցախահայության դեմ: Այս մասին հայտնել է ֆրանսիական հեղինակավոր «...
Լաչինի դեպքով Ադրբեջանն ուզում է Հայաստանին ներքաշել ավելի մեծ սադրանքի մեջ. վարչապետ
Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքը փակելը սադրանք է, որն ունի երկու նպատակ` կոտրել ԼՂ հայերի կամքը` ապրելու սեփական հայրեն...