Սյունիքի նախկին մարզպետի դրդմամբ Նորավան համայնքի ղեկավարը վատնել է 5 մլն դրամ արժողությամբ մետաղական խողովակները

Լ.Ա.-ն, 2001 թվականից մինչև 2012 թվականի նոյեմբերն ընկած ժամանակահատվածում, զբաղեցնելով Սյունիքի մարզի Նորավան համայնքի ղեկավարի պաշտոնը, Սյունիքի նախկին մարզպետ Ս.Խ.-ի դրդմամբ, 2012 թվականին անհատույց Ս.Խ.-ի եղբորը տրամադրել է համայնքային սեփականության՝ 5 մլն 132 հազար 891 դրամ արժողությամբ մետաղական խողովակները, այս մասին տեղեկանում ենք ՀՀ գլխավոր դատախազության կայքից: 

 

2019 թվականին Լ.Ա.-ն ներգարվվել է որպես մեղադրյալ և վերջինիս նախկին Քրեական օրենսգքրի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (վատնում՝ առանձնապես խոշոր չափերով) առաջադրվել է մեղադրանք:

 

2019 թվականի դեկտեմբերի 26-ին քրեական գործը Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանից ըստ ընդդատության ուղարկվել է Հակակոռուպցիոն դատարան:

 

2022 թվականի նոյեմբերի 22-ին Հակակոռուպցիոն դատարանը բավարարել է Լ.Ա.-ի պաշտպանի միջնորդությունը և դադարեցրել քրեական հետապնդումը՝ վաղեմության ժամկետն անցնելու ոչ արդարացնող հիմքով:

 

Հաշվի առնելով, որ համայնքին պատճառված 5 մլն 132 հազար 891 դրամը չի հատուցվել, Գլխավոր դատախազությունը միջնորդություն է ներկայացրել Սյունիքի մարզպետին և Սիսիան համայնքի ղեկավարին՝ ձեռնարկելու անհրաժեշտ միջոցներ համայնքին պատճառված վնասը վերականգնելու ուղղությամբ:

 

2022 թվականի դեկտեմբերի 23-ին ՀՀ գլխավոր դատախազությունում ստացվել է Սյունիքի մարզպետի գրությունը, որով հայտնվել է, որ Սյունիքի մարզպետարանը հետևում է Սյունիքի մարզի նախկին Նորավան համայնքին պատճառված վնասի վերականգնման ընթացքին (Սիսիան բազմաբնակավայր համայնքին առաջարկվել է հնարավոր սեղմ ժամկետներում գործուն միջոցներ ձեռնարկել համայնքին պատճառված վնասի վերականգնման ուղղությամբ)։