ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ես որևէ քննիչի չեմ ասել՝ սխալվել եմ․ Հովհաննիսյանը՝ փաստաբանի գրառման մասին

Հայտնել էինք, որ փաստաբան Վահան Հովհաննիսյանը գրառում է կատարել այն մասին, որ 44-օրյա պատերազմում Կովսականի գրավման մասին Արծրուն Հովհաննիսյանը ցուցմունք է տվել եւ ասել, որ սխալվել է, երբ հոկտեմբերի 22-ին ասել է, թե հայկական կողմը աննախադեպ հաղթանակ է գրանցել:

 

Փաստաբան Վահան Հովհաննիսյանի գրառումն ամբողջությամբ․ 

 

«44 օրյա պատերազմից հետո Արծրուն Հովհաննիսյանի մասին այնքան Է խոսվել, որ կարծես թե ասելու բան չի մնացել, բայց...: 

Օրերս ծանոթանում էի գործի նյութերին եւ հանդիպեցի հետեւյալ տեղեկատվությանը. 

2020թ հոկտեմբերի 19-20-ին ազերները գրավում են Կովսականը (Զանգելան), դպրոցի շենքի վրա դնում իրենց դրոշը եւ նկարելով գցում համացանց: 

Դրանից մեկ օր անց՝ հոկտեմբերի 21-ին մերոնք հրաման են ստանում Կովսականում կատարել մարտական առաջադրանք, սակայն ընկնում են շրջափակման մեջ, 40 անձ սպանվում կամ գերեվարվում է: 

Դրանից մեկ օր անց՝ հոկտեմբերի 22-ին Արծրուն Հովհաննիսյանը « Հայլուր» ծրագրի ընթացքում հայտնում է, որ մերոնք ազերներին կոտորել են Կովսականում, իսկ դրոշը կեղծ է: 

Հասկանում ե՞ք. Կովսականը գրավված, դպրոցի տանիքին դրոշը դրած, մերոնց գործողությունները ձախողված, 40 անձ սպանված կամ գերեվարված, իսկ Արծրունն ասում է, չհավատաք. աննախադեպ հաղթանակ ենք գրանցել: 

Դե իսկ հետո քննիչի մոտ ցուցմունք է տալիս, որ սխալվել է: 

44 օր սրանք մեզ կերակրել են էսպիսի կտերով ու մենք էլ կույր հավերի նման կերել ենք էդ կտերը: 

Կա՞ր արդյոք Արծրունի գործողություններում պետական դավաճանության հանցակազմ, թե՞ ոչ, դեռ կքննարկենք»,- գրել է փաստաբանը։

 

Auroranews -ը կապ հաստատեց Արծրուն Հովհաննիսյանի հետ՝ հասկանալու, թե ինչ ցուցմունքի մասին է խոսքը, սակայն Հովհաննիսյանը հրաժարվեց մեկնաբանություն տալ։ 

 

Մեր հրապարակումից քիչ անց Հովհաննիսանը որոշեց մեկնաբանել մամուլում շրջանառվող լուրերն իր հետ կապված։ 

 

«Ես պատերազմի ընթացքում բացառապես բոլոր տվյալները՝ նամանավանդ եթե դրանք ունեն կոնկրետ տվյալներ՝ տեղ, դեպք, ժամանակ, իրադարձություն, ստացել եմ և հաղորդել եմ Զինված ուժերի կողմից»,-ասաց Հովհաննիսյանը։ 

 

Մանրամասները՝ տեսանյութում․ 

 

 

Քաղաքականություն

Պատահարներ