Հասարակություն

ԿԳՄՍ-ի պարզաբանումը` դպրոցներում ռազմահայրենասիրական պարապմունքների արգելքի մասին տարածված լուրի վերաբերյալ

ԿԳՄՍ-ի պարզաբանումը` դպրոցներում ռազմահայրենասիրական պարապմունքների արգելքի մասին տարածված լուրի վերաբերյալ

 Դպրոցներում բոլոր տեսակի ռազմահայրենասիրական պարապմունքներն ու կրթադաստիարակչական միջոցառումների անցկացումն արգելելու մասին տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը։ Այս մասին 24News-ին ասաց ՀՀ կրթության, գիտության, մշակույթի ու սպորտի նախարարության հանրակրթության և արտադպրոցական հաստատությունների համակարգման բաժնի պետ Ստալ Սարդարյանը։ Այս թեմայով այլ մանրամասների համար Սարդարյանը խնդրեց դիմել ԿԳՄՍՆ հասարակայնության և լրատվության հետ կապերի վարչությանը։

ԿԳՄՍՆ մամուլի քարտուղար Գեղամ Մելիքբեկյանը լրատվականին փոխանցեց «Անվտանգ դպրոցներ» միջազգային հռչակագրի վերաբերյալ պարզաբանումը։ 

 

«Անվտանգ դպրոցներ» հռչակագիրը միջկառավարական քաղաքական պարտավորություն է, որը երկրներին հնարավորություն է ընձեռում աջակցություն հայտնել ուսանողներին, ուսուցիչներին, դպրոցներին և համալսարաններին զինված հակամարտության ժամանակ հարձակումներից պաշտպանելու, զինված հակամարտությունների ժամանակ կրթության շարունակականության կարևորության համար դպրոցների ռազմական օգտագործումը կանխելու նպատակով կոնկրետ միջոցառումներ իրականացման համար։

 

ԿԳՄՍ նախարարի մամուլի քարտուղար Գեղամ Մելիքբեկյանը 24News-ին է փոխանցել հետևյալ պատասխանը․ «Ժաննա Անդրեասյանի՝ նախարարի պաշտոնում նշանակվելուց հետո «Անվտանգ դպրոցներ» միջազգային հռչակագրի վերաբերյալ որևէ շրջաբերական գրություն ՀՀ հանրակրթական դպրոցներին չի ուղարկվել: Ի դեպ, նախարարն ի պաշտոնե շրջաբերական չի ուղարկում: Ժաննա Անդրեասյանը գրությունը ստորագրել է դեռևս որպես ոլորտը համակարգող նախարարի տեղակալ:

Համապատասխան գրություն մարզպետարաններին, Երևանի քաղաքապետարանին և ԿԳՄՍՆ ենթակայությամբ գործող դպրոցներին ուղարկվել է հիշյալ հռչակագրի պահանջների ապահովման անհրաժեշտությամբ պայմանավորված, այն է՝ կրթական հաստատությունները զերծ պահել թիրախավորումից:

«ՀՀ-ն «Անվտանգ դպրոցներ» միջազգային հռչակագիրը վավերացրել է դեռևս 2017 թվականին՝ դառնալով միջազգային մարդասիրական այդ փաստաթղթին միացող 60-րդ երկիրը: Ներկայում հռչակագրին միացել է 115 պետություն: Լուրջ մտահոգություն է առաջացնում այն, որ Ադրբեջանը հրաժարվում է վավերացնել «Անվտանգ դպրոցներ» հռչակագիրը՝ այդպիսով խաթարելով համաշխարհային կոալիցիայի՝ զինված բախումների ընթացքում կրթության ոլորտը նպատակային հարձակումներից զերծ պահելու ջանքերը:

Ընդ որում, 44-օրյա պատերազմի ընթացքում Ադրբեջանն իր հենակետերը տեղադրում էր նաև կրթական հաստատությունների հարևանությամբ՝ հետագայում հայկական կողմի հասցեին մեղադրանքներ հնչեցնելու համար»,- ասված է Մելիքբեկյանի պատասխանում։

 

Նշենք, որ երբ տեղեկություն տարածվեց Վ․ Բրյուսովի անվան պետական համալսարանը Ֆիզկուլտինստիտուտին ու Խ․ Աբովյանի անվան Հայկական պետական մանկավարժական համալսարանին միացնելու՝ կառավարության մտադրության մասին, ԿԳՄՍՆ-ն հետևողականորեն հերքում էր։ Սակայն երբ այս մասին տեղեկությունը լայն արձագանք ստացավ, նախարարությանն այլ տարբերակ չէր մնում, քան այս թեմայով ավելի բաց խոսելն ու հաստատել նշված տեղեկության իսկությունը։

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Հասարակություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250