Զասը` Հայաստանին առաջարկվող ՀԱՊԿ աջակցության մասին

ՀԱՊԿ-ն առաջարկել է Հայաստանին օգնության միջոցառումների մի ամբողջ համալիր, այդ թվում՝ առաքելության ուղարկում Ադրբեջանի հետ սահման՝ իրավիճակը գնահատելու համար։ Ինչպես գրում է РИА Новости-ն` այս մասին ասել է կազմակերպության գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը` բելառուսական ОНТ հեռուստաալիքին տված հարցազրույցում։

«Իրավիճակը հեշտ չէ, առաջին հերթին Հայաստանի և Ադրբեջանի սահմանին. այնտեղ գրեթե ամեն օր փոխհրաձգություն է լինում: Ընդհանուր առմամբ, միջոցառումների այն համալիրը, որն առաջարկում է ՀԱՊԿ-ը որպես օգնություն Հայաստանին և որում կան տարբեր միջոցներ՝ և՛ քաղաքական, և՛ դիվանագիտական, և՛ ռազմական, այդ թվում՝ առաքելության ուղարկում այս սահման, որտեղ այն իրատեսորեն կգնահատի իրավիճակը, ընդհանուր առմամբ աջակցություն է ստացել բոլոր պետություններից»,- ասել է Զասը։

Նրա խոսքով՝ «միակ բանը, որին չի հաջողվել հասնել այնտեղ ստեղծված իրավիճակի համախմբված գնահատումն է»։

Հիշեցնենք, որ անցած շաբաթ Երևանում տեղի ունեցած ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի հերթական նիստին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հրաժարվել է ստորագրել «ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի հռչակագրի և Հայաստանի Հանրապետությանը օժանդակություն ցուցաբերելու համատեղ միջոցառումների մասին» փաստաթղթերը։ 

«Այն, որ Հայաստանի տարածքային ամբողջականության դեմ Ադրբեջանի նոր ագրեսիայի վտանգը պահպանվում է, ս.թ. հոկտեմբերի 28-ին ՀԱՊԿ Հավաքական անվտագության խորհրդի արտահերթ նիստում հայտնել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Վասիլիի Զասը։ Այս պայմաններում իրավիճակի քաղաքական հստակ գնահատականի բացակայությունը և վերը նշված որոշումը չկայացնելը կարող է նշանակել ոչ միայն ՀԱՊԿ-ի կողմից դաշնակցային պարտավորություններից հրաժարում, այլ նաև Ադրբեջանի կողմից մեկնաբանվել որպես ՀԱՊԿ-ի կողմից կանաչ լույս Հայաստանի դեմ հետագա ագրեսիայի համար։

Իսկ դա հակասում է ՀԱՊԿ հիմնարար փաստաթղթերի ոչ միայն տառին, այլև ոգուն ու իմաստին։ Ուստի, սրանից ելնելով, հարգելի գործընկերներ, այս պահին կարծում եմ, որ ստորագրման ներկայացված «ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի հռչակագրի և Հայաստանի Հանրապետությանը օժանդակություն ցուցաբերելու համատեղ միջոցառումների մասին» նախագիծը բավականաչափ վերջնական տեսքի չի բերվել, և այս տեսքով, ամենայն հարգանքով, ես պատրաստ չեմ ստորագրել այս փաստաթղթերը»,- ասել էր Փաշինյանը։

Քաղաքականություն