Թուրքիան հակամարտության կողմ է. Ռուբեն Վարդանյանը` Արցախի հարցում Թուրքիայի դերի մասին
Արցախն առանձին սուբյեկտ է, որը պետք է մասնակցի իր ապագայի վերաբերյալ որոշումների կայացմանը։ Արցախի պետնախարար Ռուբեն Վարդանյանը այս մասին ասել է RTVI-ին տված հարցազրույցում։
Ռուբեն Վարդանյանն ասել է, որ պետք է գիտակցել, որ ռազմական հռետորաբանությունը փակուղի է, քանի որ պարբերաբար այս կամ այն երկրում ի հայտ են գալու դրական կամ բացասական հանգամանքներ.. «Եթե Ադրբեջանը նավթ չունենար, եթե Թուրքիան չորոշեր պատերազմում ներգրավվել այն ծավալով, որով ներգրավված էր, և բազմաթիվ այլ հանգամանքներ... Հիմա մի իրավիճակ է, վաղը ստեղծվելու է մեկ այլ իրավիճակ, և այդպես մենք անվերջ պատերազմելու ենք: Մենք պետք է մտածենք այն մասին, որ այսպես չի կարող անվերջ շարունակվել»- ասել է նա։
Խոսելով Թուրքիայի դերի մասին՝ Ռուբեն Վարդանյանը նկատել է, որ Թուրքիան միջնորդ չէ, այն հակամարտության կողմ է, դաշնակից ու դա չի էլ թաքցնում. «Ես կարծում եմ, որ Ադրբեջանում ոչ բոլորին է դուր գալիս, որ Թուրքիան այսքան ակտիվ և ագրեսիվ միջամտում է Ադրբեջանի ղեկավարության գործունեությանը»։
Սեպտեմբերի սկզբին գործարար Ռուբեն Վարդանյանը հայտարարեց, որ հրաժարվում է Ռուսաստանի քաղաքացիությունից և տեղափոխվում է Արցախ։ Հոկտեմբերի 20-ին նա իր թելեգրամյան ալիքում գրել էր, որ համաձայն է գլխավորել ԼՂՀ կառավարությունը և ստանձնել պետական նախարարի պաշտոնը։ Արդեն նոյեմբերի 4-ին Վարդանյանը ստանձնել է պաշտոնը։