ՏԵՍԱՆՅՈՒԹ. Անկարգություններ Բրյուսելում` Բելգիա -Մարոկկո հանդիպման պատճառով. կան տուժածներ
Բելգիայի մայրաքաղաքում անկարգություններ են սկսվել աշխարհի առաջնությունում Մարոկկոյից կրած պարտությունից հետո։ Այս մասին գրում է Интерфакс-ը։
Քաթարում ընթացող ֆուտբոլի աշխարհի առաջնության Մարոկկո-Բելգիա խաղից հետո, որին բելգիացիները պարտվել են 0-2 հաշվով, Բրյուսելի կենտրոնում անկարգություններ ու բախումներ են տեղի ունեցել ֆուտբոլասերների ու ոստիկանների միջև։
«Խստորեն դատապարտում եմ կեսօրից հետո տեղի ունեցած միջադեպերը։ Ոստիկանությունն արդեն ամենայն խստությամբ միջամտել է։ Ես երկրպագուներին խորհուրդ չեմ տալիս գալ քաղաքի կենտրոն։ Ոստիկանությունը բոլոր միջոցները կօգտագործի հասարակական կարգը պահպանելու համար։ Ես կարգադրել եմ ոստիկանությանը շարունակել խռովարարների վարչական ձերբակալությունները»,- սոցցանցերում գրել է Բրյուսելի քաղաքապետ Ֆիլիպ Կլոզը։
Ավելի քան հարյուր երիտասարդներ հրկիզել են աղբամաններ, ջարդել մեքենաներն ու քաղաքի զարդարանքը։ Նրանք դիմադրել են ոստիկաններին, ովքեր ստիպված են եղել ջրցան մեքենաներ և արցունքաբեր գազ կիրառել՝ ագրեսիվ ամբոխը ցրելու համար։
Իրավիճակը սկսեց թեժանալ մարոկկացիների առաջին գոլը չհաշվելուց հետո։ Հավաքված Հարավային կայարանի և պատմական Բրյուսելի ֆոնդային բորսայի տարածքում, տասնյակ երկրպագուներ, որոնցից ոմանք կապված էին Մարոկկոյի դրոշներով, սկսել են բռնությամբ արտահայտել իրենց դժգոհությունը այդ որոշման վերաբերյալ: Երկրորդ խաղակեսի սկզբում իրավիճակն էլ ավելի է սրվել։ Այրվել են աղբամաններ, պայթեցվել են ճայթրուկներ, վնասվել են ավտոմեքենաներ։ Ոստիկանների ուղղությամբ քարեր են նետվել։
Բացի դա, հարձակման են ենթարկվել RTBF հեռուստաալիքի մի քանի նկարահանող խումբ։ Մեկ լրագրող վիրավորվել է։ Իրավապահները արգելափակել են թաղամասը մեքենաների երթեւեկության համար, ինչը տպավորիչ խցանում է ստեղծել քաղաքի կենտրոնում։ Ոստիկանության հրամանով փակվել են մետրոյի մի քանի կայարաններ։
«Ֆուտբոլը պետք է տոն լինի»,- ասել է Բելգիայի վարչապետ Ալեքսանդր դե Կրոուն, ով նույնպես դատապարտել է թագավորության մայրաքաղաքում տեղի ունեցող անկարգությունները։