Արցախում ադրբեջանական կրակոցից տուժած կա

Նոյեմբերի 12-ին՝ ժամը 18:00-ի սահմաններում, ոստիկանության Ասկերանի շրջանային բաժնում հաղորդում է ստացվել, որ Խրամորթ գյուղի վարչական տարածքում ադրբեջանական մարտական դիրքից հրաձգային զինատեսակներից կրակոցներ են արձակվել դաշտում տրակտորով աշխատող քաղաքացիական անձանց ուղղությամբ, տեղեկացնում են ԱՀ ՆԳՆ ոստիկանությունից։


Դեպքի վայր մեկնած շրջանային բաժնի ծառայողները պարզել են, որ նույն օրը ժամը 16:30-ի սահմաններում, Խրամորթ գյուղի բնակիչներ` 27-ամյա Ս.Վանյանը և 45-ամյա Ա. Հայրապետյանը նշված գյուղի վարչական տարածքի «100 հեկտար» կոչվող տեղանքում, «Տ-150» մակնիշի տրակտորով գյուղատնտեսական աշխատանքներ իրականացնելիս, մերձակա տարածքում տեղակայված ադրբեջանական մարտական դիրքից նրանց ուղղությամբ կրակ է արձակվել։


Կրակոցներից ջարդվել են տրակտորի դիմային և հետևի հողմապակիները։ Ջարդված դիմապակու կտորները դիպել են Ա. Հայրապետյանի դեմքին`պատճառելով մարմնական վնասվածքներ:

 

Վերջինս տեղափոխվել է հանրապետական բժշկական կենտրոն։


Նյութերը տրամադրվել են ռուսական խաղաղապահ զորակազմին։


Ստուգմամբ զբաղվում է ոստիկանության Ասկերանի շրջանային բաժինը։

Քաղաքականություն

Պատահարներ