Ադրբեջանի ԱԳՆ-ն պատասխանել է Նիկոլ Փաշինյանին

«Շեշտում ենք, որ եռակողմ հայտարարությամբ ստանձնած պարտավորություններով՝ Ադրբեջանը երաշխավորում է Լաչինի ճանապարհով երկու ուղղություններով քաղաքացիների, տրանսպորտային միջոցների և բեռների տեղաշարժի անվտանգությունը, ճանապարհի օգտագործումը ռազմական նպատակներով անընդունելի է»։ Այս մասին ասված է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայության ղեկավար Այխան Հաջիզադեի մեկնաբանության մեջ՝ ի պատասխան ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի` նախօրեին կառավարության նիստում արված հայտարարությունների։

Ադրբեջանցի պաշտոնյան Հայաստանին մեղադրել է եռակողմ հայտարարության դրույթները խախտելու և Լաչինի ճանապարհն այլ նպատակներով օգտագործելու մեջ։ Բացի այդ, նրա խոսքով, Հայաստանն իր զորքերն ամբողջապես դուրս չի բերել Ղարաբաղից, ինչպես նաև այնտեղ է ուղարկում 2021 թ․ Հայաստանում արտադրված ականներ։

 

Հիշեցնենք, որ երեկ  ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստում անդրադարձել է Շուշիում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վերջին հայտարարություններին։

 

Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ այդ ելույթում Ադրբեջանի ղեկավարությունը կոպտորեն խախտել է Սոչիում ընդունված եռակողմ հայտարարությամբ արձանագրված գրավոր պայմանավորվածությունը՝ ուժի կիրառումից և ուժի կիրառման սպառնալիքից ձեռնպահ մնալու մասին։ Ըստ նրա, ի հեճուկս Պրահայում և Սոչիում ստորագրված հայտարարությունների, Ալիևը բարձրաձայնում է ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ ունեցած նկրտումների մասին՝ ՀՀ մի շարք բնակավայրերի ու այլ անունների սպառնալից օգտագործմամբ խաղաղ բնակչությանը ահաբեկելու ակնհայտ մղումով։

Քաղաքականություն