Քադիրովը զենքի և համազգեստի պակասից դժգոհող ռուսաստանցիներին հորդորել է դրանք «խլել» ուկրաինական զինուժից

Չեչնիայի ղեկավար Ռամզան Քադիրովը թելեգրամյան իր ալիքում Ուկրաինայում ռազմական գործողություններն անվանել է «մեծ ջիհադ», գրում է Газета-ն:
 

Իր գրառման մեջ պաշտոնյան խոսում է հայրենասիրության մասին և ասում, որ չի հասկանում նրանց, ովքեր «Հայրենիքը միայն խոսքով են սիրում» և նրանց, ովքեր չեն տեսնում Ռուսաստանին վնասելու փորձերը։ Կից տեսաուղերձում նա հորդորում է հատուկ ռազմական գործողության շրջանակում մոբիլիզացվածներին «չարտասվել» տեխնիկայի բացակայության պատճառով, այլ Ուկրաինայի զինված ուժերից «խլել» զենքը, տեխնիկան և համազգեստը։
 

«Ես ձեզ իմ խոսքն եմ տալիս, մենք ամեն օր հարձակվելու ենք նրանց վրա։ Մենք նրանց այրելու ենք: Ոչ մի տեղ կանգ չենք առնելու: Մեր տարածքը Զապորոժիեն չէ, Խերսոնը չէ։ Մեր տարածքն է Օդեսան, Կիևը, Խարկովը։ Բոլոր շրջանները և ընդհանուր առմամբ Ուկրաինան մեր տարածքն է՝ ռուսական», - ասել է Քադիրովը։
 

Նա նաև մեղադրել է ուկրաինական կողմին ռուսական տարածքների և քաղաքացիական օբյեկտների գնդակոծման մեջ։
 

«Սա մեծ ջիհադ է, որին մենք բոլորս պետք է մասնակցենք։ Եվ մենք կանգ չենք առնելու, մենք նրանց կսպանենք»,- ասում է Չեչնիայի ղեկավարը։
 

Միաժամանակ, ձայնագրության վերջում նա խոստանում է, որ շուտով «լավ նորություններ» կլինեն։

Քաղաքականություն