«ՀԱՊԿ–ը պատրաստ է դիտորդներ ուղարկել Հայաստան». ինչ է հայտարարել Լավրովը
Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը (ՀԱՊԿ) պատրաստ է դիտորդներ ուղարկել Հայաստան, դրա համար պահանջվում է Հավաքական անվտանգության խորհրդի (ՀԱԽ) որոշումը։ Այս հայտարարությունն արել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը:
«Երբ Հայաստանը խնդրեց ՀԱՊԿ–ի արտահերթ նիստ գումարել, այն անմիջապես կայացավ։ Դրանից անմիջապես հետո որոշվեց Հայաստան ուղարկել ՀԱՊԿ գլխավոր քարտուղարին, միացյալ շտաբի ղեկավարին: Նրանք գնացին, առաջարկություններ բերեցին, այդ առաջարկություններն արդեն ավելի քան մեկ ամիս է` մեզ մոտ են։ Էությունն այն է, որ ՀԱՊԿ դիտորդական առաքելություն ուղարկվի Հայաստանի տարածք, Ադրբեջանի հետ սահման», - ասել է Լավրովը ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանի հետ բանակցություններում:
Ըստ Լավրովի` միակ բանը, որ պահանջվում է, Հավաքական անվտանգության խորհրդի որոշումն է. խորհուրդը պետք է գումարի ՀԱՊԿ նախագահը։
ՀՀ ԱԳՆ–ն ավելի վաղ հայտնել էր, որ Միրզոյանը հոկտեմբերի 12-14-ը աշխատանքային այցով կլինի Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում` մասնակցելու ԱՊՀ արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստին: Աստանայում տեղի կունենա Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի արտգործնախարարների` Արարատ Միրզոյանի, Ջեյհուն Բայրամովի և Սերգեյ Լավրովի հանդիպումը։
Հիշեցնենք` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հոկտեմբերի 6-ին հանդիպել էին Պրահայում։ Հանդիպումից հետո հայտարարություն էր տարածվել, ըստ որի` Հայաստանն իր համաձայնությունն է տվել Ադրբեջանի հետ սահմանի երկայնքով ԵՄ քաղաքացիական առաքելության աշխատանքին։ Ադրբեջանը համաձայնել է համագործակցել նշյալ առաքելության հետ այնքանով, որքանով առնչություն կունենա: Առաքելությունն իր աշխատանքները կսկսի հոկտեմբերին առավելագույնը երկու ամիս ժամկետով: Նպատակը կլինի վստահության կառուցումը և իր զեկույցների միջոցով սահմանային հանձնաժողովներին աջակցելը:
Նմանատիպ հոդվածներ
Միրզոյանն ու Բայրամովը կհանդիպեն. մանրամասներ
Աստանայում տեղի կունենա Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի արտգործնախարարների` Արարատ Միրզոյանի, Ջեյհուն Բայրամովի և Սերգ...
Փաշինյանն ու Գրիգորյանը ևս Աստանա կմեկնեն
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը եւ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը վաղը` հոկտեմբերի 13–ին, կմեկնեն Ղազախստանի մայրաքաղաք Աստանա՝...
ՌԴ արձագանքը` հայ–ադրբեջանական սահման առաքելություն ուղարկելու վերաբերյալ
Հայ-ադրբեջանական սահմանին ԵՄ քաղաքացիական առաքելություն իրականացնելու նախաձեռնությունը Ադրբեջանի և Հայաստանի հարաբերությ...
Բաբայանը մանրամասներ է ներկայացրել ՀՀ-ում անցկացրած հանդիպումներից
Արցախը դեմ չէ, որ Հայաստանն ու Ադրբեջանը հարաբերությունները բարելավեն, սակայն անընդունելի է Արցախն Ադրբեջանի մաս ճանաչել...