Ադրբեջանը հակված չէ Արցախի հարցը քննարկել Հայաստանի հետ. ԱԳՆ մամուլի խոսնակ
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ հոկտեմբերի 6-ին Պրահայում կայացած քառակողմ հանդիպումից հետո ընդունվեց հայտարարություն: «Արմենպրես»-ի հետ հարցազրույցում ՀՀ արտաքին գործերի նախարարության խոսնակ Վահան Հունանյանը պարզաբանել է հայտարարության հետ կապված մի քանի հարց:
«Հայկական կողմը բազմիցս հայտարարել է, որ ՀՀ տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխան տարածքը սակարկման ենթակա չեն: Պրահայում քառակողմ հանդիպումից հետո ընդունված հայտարարության մեջ հայկական կողմի այս դիրքորոշման ամրագրումը ՀՀ տարածքային ամբողջականության վերականգնման տեսանկյունից կարևոր քայլ ենք համարում: Ինչ վերաբերում է ադրբեջանական զինված ուժերի` ՀՀ ինքնիշխան տարածքից դուրսբերմանը, Ադրբեջանի կողմից ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ ոտնձգությունների դադարեցմանն ու հրադադարի ռեժիմի անվերապահ պահպանմանը, դրանք հրամայական են ցանկացած պարագայում, Պրահայի հայտարարության համատեքստում՝ հատկապես։ Նաև, Հայաստանի ու Ադրբեջանի կողմից իրենց հանձնառության հաստատումը ՄԱԿ-ի կանոնադրությանը և 1991թ. Ալմա-Աթայի հռչակագրին հիմք կհանդիսանա երկու երկրների միջև խաղաղության պայմանագրի մշակման, ինչպես նաև սահմանազատման աշխատանքների համար», – նշել է Հունանյանը։
Անդրադառնալով հայտարարության մեջ Արցախյան հիմնախնդրին չանդրադառնալուն, խոսնակը նշել է, Ադրբեջանը հակված չէ այդ հարցը քննարկել Հայաստանի հետ։
«Միջազգային գործընկերներն էլ են հանգում այն մտքին, որ Լեռնային Ղարաբաղի հայության անվտանգության և բոլոր իրավունքների պաշտպանության հարցերը ենթակա են հստակեցման, և այս առումով կարևոր են Ստեփանակերտի և Բաքվի միջև քննարկումները՝ միջազգային տեսանելի մեխանիզմի ստեղծմամբ։ Հայաստանն, իհարկե, Ադրբեջանի հետ բոլոր շփումներում հարցը ներառում է քննարկման շրջանակի մեջ»,-նշել է Հունանյանը։
Նա նշել է, որ ԵՄ քաղաքացիական առաքելությունը գործունեություն է իրականացնելու Հայաստանի՝ Ադրբեջանի հետ ունեցած սահմանի երկայնքով՝ ՀՀ ինքնիշխան տարածքում:
«Հաշվի առնելով նշյալը, պետք է արձանագրենք, որ Ադրբեջանի համաձայնության կամ անհամաձայնության հարց առկա չէ։ ԵՄ քաղաքացիական առաքելության նպատակները, ինչպես արձանագրված է հայտարարության մեջ, վստահության ամրապնդումն է և իրենց դիտարկումներով սահմանային հանձնաժողովներին աջակցելը: Առաքելության գործառույթների և լիազորությունների շրջանակի, տեղակայման հստակ վայրերի և այլ բնույթի մանրամասների վերաբերյալ, թերևս, խոսելը վաղ է, քանի որ այս հարցերը դեռևս գտնվում են աշխատանքային քննարկումների տիրույթում»,-ընդգծել է Հունանյանը։
Ինչ վերաբերում է Ադրբեջանում ապօրինաբար պահվող հայ ռազմագերիների և քաղաքացիական անձանց անհապաղ վերադարձի հարցին, ապա Հունանյանը նշել է, որ հայկական կողմից այդ հարցը մշտապես բարձրաձայնվում է միջազգային գործընկերների հետ բոլոր հանդիպումների ընթացքում:
«Պրահայում տեղի ունեցած հանդիպումները նույնպես բացառություն չէին»,-նշել է նա։
Նշենք, որ նախօրեին Պրահայում կայացած քառակաղմ հանդիպման ժամանակ Հայաստանն ու Ադրբեջանը հանձնառություն են ստանձնել ճանաչելու միմյանց տարածքային ամբողջականությունը։ Համաձայնություն է ձեռք բերվել սահմանի երկայնքով ԵՄ քաղաքացիական դիտորդական առաքելության տեղակայման վերաբերյալ։