
Իրանում գլխաբաց կանանց կհայտնաբերեն և կպատժեն դեմքի ճանաչման համակարգով. նոր խստացումներ. The Guardian

Իրանի կառավարությունը նախատեսում է հասարակական տրանսպորտում օգտագործել դեմքի ճանաչման տեխնոլոգիա՝ բացահայտելու հիջաբի նոր խիստ օրենքին չհամապատասխանող կանանց, գրում է The Guardian-ը:
Լրատվամիջոցը նշում է, որ ռեժիմը շարունակում է պատժիչ ճնշումներն ընդդեմ կանանց հագուստի:
Առաքինության տարածման և արատավորության կանխարգելման իրանական շտաբի քարտուղար Մոհամմադ Սալեհ Հաշեմի Գոլպայեգանին վերջերս տված հարցազրույցում հայտարարել է, որ կառավարությունը նախատեսում է օգտագործել տեխնոլոգիա՝ հասարակական վայրերում կանանց վերահսկելու համար՝ երկրի կոշտ դիրքորոշում ունեցող նախագահ Էբրահիմ Ռաիսիի՝ ստորագրած կանանց հագուստի սահմանափակման մասին նոր հրամանագրից հետո:
Նշվում է, որ հրամանագիրը ստորագրվել է օգոստոսի 15-ին: Այն համազգային բողոքի տեղիք է տվել կանանց կողմից: Նրանք սոցիալական ցանցերում հրապարակում են փողոցներում, ավտոբուսներում և գնացքներում արված տեսանյութեր, որոնցում իրենք գլխաբաց են: Վերջին շաբաթներին Իրանի իշխանությունները պատասխանել են մի շարք ձերբակալություններով, կալանավորումներով և հեռուստատեսությամբ ցուցմունք տալու հարկադրանքով: