
Արմավիրի տարածաշրջանային պետական քոլեջն այսօր չի ընդունել իր 600 ուսանողներին, քանի որ քոլեջում վեճեր են․ ի՞նչ է կատարվում

Այսօր սեպտեմբերի 1-ն է, սակայն Արմավիրի տարածաշրջանային պետական քոլեջում դասախոսները չեն ընդունել շուրջ 600 ուսանողի։
Քոլեջի դասախոսները բարձրաձայնում են դեռ ութ ամիս առաջ տնօրենի պաշտոնում նշանակված Անգին Արշակյանի կողմից կատարված մի շարք անօրինությունների մասին։
Auroranews.am-ին ահազանգած դասախոսներից մեկը՝ Մարիա Նազարյանը նշեց, որ տնօրեն Անգին Արշակյանի պաշտոնավարման ընթացքում քոլեջը բախվել է բազմաթիվ անօրինական և ամոթալի խնդիրների։
Նազարյանի խոսքով՝ տիկին Արշակյանը քոլեջում անօրինական վարձավճարներ է բարձրացրել, չնայած նրան, որ քոլեջի տնօրենը իրավասու չէ միանձնյա որոշում կայացնելու։
«Նա անգամ վարձավճարներ բարձրացնելու հարցը չի քննարկել մանկավարժական խորհրդում, չի քննարկել քոլեջի կառավարման խորհրդում, բոլոր գործընթացները կատարում է այնպես, ինչպես իր կամքն է թելադրում։ Ինչպես կարող է քոլեջի տնօրենը չունենա քննարկում երկու կարևոր խորհուրդների հետ և կեղծ փաստաթուղթ ներկայացնի ՀՀ ԿԳՄՍ նախարարություն այն մասին, որ մեզ մոտ նման քննարկում կամ որոշում է եղել»,- ասաց Auroranews ահազանգած դասախոսը։
Նազարյանի խոսքով՝ երեկ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ ժաննա Անդրեասյանը այցելել է քոլեջ, զրուցել աշխատակազմի հետ։ Տիկին Անդրեասյանի այցից հետո դասախոսներին նախարարությունից հորդորել են աղմուկ չբարձրացնել հարցի շուրջ՝ պատճառաբանելով, որ սպասեն տեսնեն՝ ինչ կլինի։
«Դասախոսական կազմը դեռ 2 օր առաջ, երբ կազմակերպել էր բողոքի ակցիան՝ քոլեջի դիմաց, մշտապես ուղիղ հեռարձակումներով ներկայացնում էր կատարվող, սակայն մեզ նախարարությունից զանգեցին ու ասացին, որ ջնջենք բոլոր տեսանյութերը մեր սոցիական ցանցերից, հակառակ դեպքում բոլորս կհեռացվենք աշխատանքից»։
Տիկին Նազարյանը նշեց նաև, որ ուղիղ եթերի ժամանակ տնօրենը հարձակվել է իր վրա, հեռախոսը վերցրել իր ձեռքից և շպրտել այն։
Դասախոսները հայտնում են նաև, որ օրեր առաջ քոլեջի պատերից մեկի վրա փակցված թուղթ են գտել, որտեղ ներկայացված է եղել սակագնային պլան՝ տարբեր չափի գումարներ արձանագրած։ Դրանք եղել են այն ուսանողների համար, ովքեր կորցրել են իրենց դիպլոմները և պետք է այն վերականգնեն։
«Օրենքով նման մուծումներ չկան, սա խայտառակություն է, այսինքն ավարտած սանը պետք է 20․000 դրամ վճարի, որպեսզի վերականգնի դիպլոմը»,-նշեց Նազարյանը։
Դասախոս Վարսիկ Գևորգյանն էլ մեզ հետ զրույցում ասաց, որ տնօրենը անօրինական կադրային փոփոխությունների է դիմել՝ իր հետ բերելով նաև խնամի-բարեկամների։
Դասախոսների խոսքով՝ տնօրենը, մշտապես չարաշահելով պաշտոնեական դիրքը, անձնակազմին ու ուսանողներին ստիպել է կատարել աշխատանքներ քոլեջի տարածքում գտնվող ջերմոցում, որտեղ մշակել են բանջարեղեն ու բերքը ստիպողաբար վաճառվել է անձնակազմին։
Չվերջացող բողոքների մասին մեկնաբանություն խնդրեցինք նաև քոլեջի տնօրեն Անգին Արշակյանից, ով մեզ հետ զրույցում ասաց, որ ափսոսում է և ամաչում գործընկերների խոսքերի համար։
Անդրադառնալով վարձավճարների բարձրացմանը՝ տիկին Արշակյանը հայտնեց, որ պաշտոնավարման ընթացքում երբևէ անօրեն քայլի չի դիմել։
«Վարձավճարների բարձրացումը բխում է իրենց շահերից, քանի որ ես այդ քոլեջը ընդունել եմ սարսափելի պարտքերով։ 2017 թվականին մենք պետք է ունենայինք արհեստագործական ուսումնարանի շենք, որը 2020-ին պետք է հանձնվեր շահագործման։ Շենքի փոխարեն 4 պատ էր, իսկ գումարը՝ չկար։ Սառնարանային տնտեսություն են ստացել՝ տեխնիկա, սարքավորումներ, սակայն փոխտնօրենը ինձ ներկայացրել է միայն փաստաթղթերը, սակայն դրանից ունենք միայն էլեկտրոնային գրատախտակ, իսկ մնացած գույքը չկա»,-հավելեց տնօրենը։
Ինչ վերաբերում է նիստի կայացմանը Արշակյանը հերքեց՝ ասելով, որ նախնական նիստերը կայացել են և ինքը կարող է ապացույցներ ներկայացնել, սակայն հավելեց, որ չի կայացել այն նիստը, երբ լիազոր մամինը հաստատել է այդ վարձավճարների հիմնական դրույքաչափերը։
Արշակյանի պնդմամբ՝ միչև իր պաշտոնավարումը աշխատակազմը մշտապես ստացել է հավելավճարներ, սակայն իր պաշտոնավարումից հետո այդ գործընթացը՝ հաշված անձանց մշտական պարգրավճարներ ստանալը, դադարել է։
«Նրանք 200․000 դրամ տվել են մի պարկ կավիճ են գնել, ինձ թվացել էր, թե դա պարարտանյութ է՝ գնդերի տեսքով։ 2․000․000 մլն դրամի կավիճ են գնել, ինչի՞ համար։ Եվ այս ամենի հետ մեկտեղ, պատկերացրեք, որ ծախսային որևէ հոդված չունենք, բացի աշխատավարձից և կոմունալ վճարներից»։
Քոլեջի տնօրենը խոսեց նաև ջրի վարձի պարտքի մասին՝ ասելով, որ ջրի նախահաշիվը կազմվում է տարին մեկ անգամ, իսկ իրենից առաջ նախահաշվով հոդված նախատեսված չի եղել։
«Գյուղատնտեսական նշանակության քոլեջ է, ես ամբողջ 10․000 քառակուսի մետրում 2000 տնկի եմ տնկել։ Հիմնել եմ խաղողի այգի, ջերմատուն, որովհետև այս տարի բացվել են գյուղատնտեսական, ֆերմային, գինեգործության, կաթիլային ոռոգման բաժիններ, բա ուսանողը որտե՞ղ պրակտիկա անցնի, ինչպե՞ս սովորի։ Սա է պատճառը, որ ունեցանք ջրի պարք, սակայն այս երկու օրը այդ հարցը կլուծվի, խոսել եմ նախարարության հետ»,-ասաց քոլեջի տնօրենը։
Արմավիրի տարածաշրջանային պետական քոլեջի տնօրեն Անգին Արշակյանի խոսքով՝ ինքը պատրաստվում է վաղը դատական հայց ներկայացնել։
Auroranews-ը կապ հաստատեց նաև ՀՀ ԿԳՄՍ նախարարություն՝ հասականալու, թե ինչպես կմեկնաբանի նախարարությունը Արմավիրի տարածաշրջանային պետական քոլեջում կատարվողը։
Մեզ հետ զրույցում նախարարության մամուլի քարտուղար Գեղամ Մելիքբեկյանը հայտնեց, որ նախարարությունը տեղյակ է կատարվողի մասին և ձեռնարկում է անհրաժեշտ միջոցները՝ խնդիրները հասականալու և դրանց արագ լուծում տալու ուղղությամբ։
Մեր հարցին, թե հնարավոր է արդյոք, որ նախարարության կողմից ֆեյսբուքյան եթերները ջնջելու կոչ, սպառնալիք ուղղված լինի դասախոսներին, Մելիքբեկյանը պատասխանեց․
«Ո՛չ»։