ՏԵՍԱՆՅՈՒԹ. Բաղդադում զոհերի թիվը հասել է 20-ի. կա ավելի քան 300 տուժած. իրավիճակը՝ Իրաքում
Իրաքի մայրաքաղաքի «կանաչ գոտում» զինված բախումների հետեւանքով զոհերի թիվը հասել է 20-ի, ավելի քան 300 մարդ հոսպիտալացվել է։ հայտնում է Al Jazeera-ն։
Հեռուստաալիքի տվյալներով՝ չնայած պարետային ժամին, Բաղդադում իրավիճակը շարունակում է լարված մնալ:
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը կոչ է արել դեէսկալացիա սկսել Իրաքում։ Այս մասին գրում է RTVI-ը:
«Գլխավոր քարտուղարը մտահոգությամբ է հետևում այսօր Իրաքում շարունակվող բողոքի ցույցերին, որոնց ընթացքում ցուցարարները մտել են կառավարական շենքեր։ Նա հատկապես անհանգստացած է մարդկային զոհերի մասին հաղորդագրություններով»,- ասել է Գուտերեշի խոսնակ Ստեֆան Դյուջարիկը Al Jazeera-ին։ Նա հավելել է, որ գլխավոր քարտուղարը «հանգստության եւ զսպվածության», ինչպես նաեւ «ցանկացած բռնություն կանխարգելելու» կոչ է արել։
Օգոստոսի 29-ին շիա ակտիվիստ Մուկթադա աս-Սադրը սոցիալական ցանցերում հայտարարություն էր տարածել իր քաղաքական գործունեության ամբողջական դադարեցման մասին։ Նրա խոսքով՝ դա տեղի է ունեցել «քաղաքական անլուծելի փակուղու պատճառով»։
Աս-Սադրի հայտարարությունից հետո նրա կողմնակիցները ներխուժել են Հանրապետական պալատ, որտեղ գտնվում են Իրաքի կառավարությունը և վարչապետի գրասենյակը։
Բաղդադ են ժամանել իրաքյան բանակի ստորաբաժանումները, ինչպես նաև Սարայա ալ-Սալամի կիսառազմական կազմավորումները։ Քաղաքի կենտրոնում պայթյուններ ու կրակոցներ են լսվել։ Բացի այդ, ականանետային կրակոցների է ենթարկվել «կանաչ գոտում» տեղակայված ամերիկյան դեսպանատունը։
Բախումների ժամանակ սպանվել է երկու իրաքցի զինվոր, վիրավորվել է երկրի դաշնային ոստիկանության շտաբի պետը։
Բաղդադում բողոքի ցույցերը շարունակվում են հուլիսի վերջից։ Հուլիսի 30-ին ցուցարարները ներխուժել էին նաեւ քաղաքի «կանաչ գոտի», որտեղ գտնվում են կառավարության գրասենյակներ եւ մի քանի օտարերկրյա դեսպանատներ։ Տեղի առողջապահության նախարարության տվյալներով՝ անկարգությունների հետեւանքով տուժել է 100 ցուցարար եւ ուժայինների 25 անդամ։
Ցուցարարները դեմ են եղել «Համակարգող կառույցի» (շիական կուսակցությունների տեղական դաշինք) ներկայացուցիչ Մուհամմեդ ալ-Սուդանիի՝ շիա իմամի և Սադրիստական շարժման առաջնորդ Մուքթադ աս-Սադրի գլխավոր մրցակից Մուհամեդ ալ Սուդանիի՝ կառավարության ղեկավարի պաշտոնում առաջադրմանը։
2021 թվականի հոկտեմբերին այս դաշինքն ընտրություններում ստացել է ձայների մեծամասնությունը, սակայն չի կարողացել իշխանության գալ։ Նոր կաբինետի ստեղծման շուրջ բանակցությունները փակուղի են մտել շիա և քրդական խմբավորումների միջև տարաձայնությունների պատճառով։