«Սուրմալու»-ի պայթյունի գործով մարդկանց կալանավորել են այն դեպքում, երբ դեռ չկա փորձագետի եզրակացություն. փաստաբան

«Սուրմալու» առեւտրի կենտրոնի պայթյունի գործով փորձագետի եզրակացությունը դեռեւս չկա, սակայն մարդկանց մեղադրանք են առաջադրել եւ կալանավորել։ Այս մասին News.am-ին ասել է քրեական այս վարույթով կալանավորվածներից մեկի փաստաբանը։

 

Նա նշել է, որ առաջին ատյանի դատարանի կայացրած որոշման դեմ պատրաստվում են բողոք ներկայացնել Վերաքննիչ քրեական դատարան։

 

«Փորձագետի եզրակացությունը դեռեւս չկա, որը կհաստատեր կամ կհերքեր՝ իրականում որն է պայթյունի հիմնական պատճառը հանդիսացել։ Ունենք իրավիճակ, որ մարդկանց մեղադրանք են առաջադրել եւ կալանավորել այն պարագայում, երբ դեռ չկա գործով հիմնական ապացույցը՝ փորձագետի եզրակացությունը, որը կպատասխաներ այն հարցին, թե որն է եղել պայթյունի պատճառը. այսինքն՝այս գործով կա իրավական կազուս»,- ասել է փաստաբանը։

 

Հիշեցնենք, որ «Սուրմալու» առեւտրի կենտրոնում օգոստոսի 14-ին տեղի է ունեցել ուժեղ պայթյուն, ինչի հետեւանքով կա 16 զոհ։ Անհետ կորած է համարվում 1 քաղաքացի։ Անհետ կորած քաղաքացու որոնողական աշխատանքները դադարեցված են։

Ողբերգական պայթյունի դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ՀՀ ՔՕ 357-րդ հոդվածի 2-րդ մասով (հրդեհային անվտանգության կանոնները կամ պահանջները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ կամ այլ ծանր հետեւանք) եւ 165-րդ հոդվածի 2-րդ մասով (անզգուշությամբ երկու կամ ավելի անձանց կյանքից զրկելը)։

Նախաձեռնված քրեական վարույթով ձերբակալվածները «Երեւանի պահածոների գործարան» ՓԲԸ փոխտնօրենը եւ պահեստը շահագործող երեք անձինք են։ ՓԲԸ փոխտնօրենին եւ վարձակալին մեղադրանքը առաջադրվել է ՀՀ ՔՕ 357-րդ հոդվածի 2-րդ մասով, իսկ պահեստը շահագործող անձանց՝ 165-րդ հոդվածի 2-րդ մասով։ 4 մեղադրյալներից 3-ը կալանավորվել են, ազատ է արձակվել «Երեւանի պահածոների գործարան» ՓԲԸ-ի փոխտնօրենը։

Քաղաքականություն

Պատահարներ