ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Մեզ լսող չկա». բեռնատարների վարորդները շարունակում են ակցիան

 Սիսիան- Մեղրի ավտոճանապահին մոտ 2000 բեռնատարների վարորդներ շարունակում են նախօրեին սկսած իրենց բողոքի ակցիան` փակ պահելով ճանապարհը: Վարորդները դժգոհ են ճանապարհներին տեղադրված կշեռքներից, որոնք այդ ճանապարհահատվածում տեղադրվել են մի քանի օր առաջ։ Եթե բեռնատարների բեռը սահմանված չափից ավելի է, ապա վարորդները տուգանվում են 200 հազար դրամով:

 

«Իրենք ասեցին, որ ավտոն գրուզով պետք է լինի 26 տոննա, մենք բարձել ենք 25 տոննա, էս անգամ ասեցին սռնիներով ենք կշռում, բայց Հայաստանի պայմանները թույլ չեն տալիս սռնիներով բարձել: Ստացվում է` կամ պիտի չաշխատենք, կամ պիտի մեր հարցին լուծում տան: Այսօր արդեն երկրորդ օրն է` մենք կանգնած ենք, ոչ մարզպետ կա, ոչ քաղաքապետ  կա, ոչ էլ մեզ լսող կա»,- NEWS.am-ի հետ զրույցում ասաց բեռնատարներից մեկի վարորդը, որը նույնպես մասնակցում էր բողոքի ակցիային:

 

Մեկ այլ վարորդ էլ բողոքեց, որ Իրանում բեռնատարը կշռել են, Մեղրիի անցակետում եւս նորմալ է եղել, իսկ տվյալ հատվածում` ըստ սռնիների բեռնվածության բեռնատարը գերբեռնված է:

«Մեկը կգա՞ մեզ բացատրի` ոնց են նման հաշվարկ արել, որ նման պրոբլեմի առաջ են կանգնացրել մեզ»,-ասաց վարորդը:

Վարորդները նշեցին, որ այս պահին թույլատրում են` մարդատար մեքենաները անցնեն, բայց եթե իրենց հարցը չլուծվի, ոչ մի մեքենայի թույլ չեն տալու անցնել:

 

Հիշեցնենք, որ վարորդները նույն բողոքով փակել էին ավտոմայրուղին։ Բեռնատարների վարորդների հետ հանդիպել էր աշխատանքային այցով Սյունիքի մարզում գտնվող տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը, որին ներկայացվել է 4 կետից բաղկացած առաջարկ։

 

Հիշեցնենք՝ դեռ մայիսի 17–ին, Քաղաքաշինության, տեխնիկական եւ հրդեհային անվտանգության տեսչական մարմինը իրազեկել էր, որ  տրանսպորտային միջոցների թույլատրելի առավելագույն զանգվածի կամ մեկ սռնու վրա ընկնող բեռնվածքը, ինչպես նաեւ մեծ եզրաչափերի առավելագույն չափերը փոխվել են։

Ըստ այդմ՝ երկու սռնի ունեցող մեխանիկական տրանսպորտային միջոցների թույլատրելի առավելագույն զանգվածը պետք է լինի 18 տոննա, 3 սռնի ունեցող մեխանիկական տրանսպորտային միջոցների դեպքում՝  25 տոննա, 3 սռնի ունեցող մեխանիկական տրանսպորտային միջոցը, որի տանող սռնու վրա տեղադրված են զույգ անվադողեր եւ օդաճնշական կամ նմանատիպ այլ կախոց,  կամ երբ յուրաքանչյուր տանող սռնու վրա տեղադրված են զույգ անվադողեր եւ յուրաքանչյուր սռնու առավելագույն բեռնվածությունը չի գերազանցում 9,5 տոննան, ուստի տրանսպորտային միջոցների թույլատրելի առավելագույն զանգվածը պետք է լինի 26 տոննա։

 

4 սռնի ունեցող մեխանիկական տրանսպորտային միջոց, 2 ուղղորդող սռնիներով եւ որի տանող սռնու վրա տեղադրված են զույգ անվադողեր եւ օդաճնշական կամ նմանատիպ այլ կախոց, կամ երբ յուրաքանչյուր ռնու վրա տեղադրված են զույգ անվադողեր եւ յուրաքանչյուր սռնու առավելագույն բեռնվածությունը չի գերազանցում 9,5 տոննան, ուստի տրանսպորտային միջոցների թույլատրելի առավելագույն զանգվածը պետք է լինի 32 տոննա։

3 սռնի ունեցող մեխանիկական տրանսպորտային միջոց, 3 սռնի ունեցող կցորդով թույլատրելի առավելագույն զանգվածը պետք է լինի 40 տոննա, 3 սռնի ունեցող մեխանիկական տրանսպորտային միջոց, 2 կամ 3 սռնի ունեցող կիսակցորդով թույլատրելի առավելագույն զանգվածը պետք է լինի 40 տոննա։

Քաղաքականություն

Պատահարներ