
«Գյումրիի տարեցների» գործով մեղադրվողներից երեքն ազատվել են կալանքից

ՀՅԴ անդամներ Արսեն Մարտոյանը, Գևորգ Մուրադյանը, Գոռ Մաթևոսյանն ազատ կարձակվեն։ Ֆեյբուքյան էջում գրել է փաստաբան Աբգար Պողոսյանը․
«Արսեն Մարտոյանը, Գևորգ Մուրադյանը, Գոռ Մաթևոսյանն ազատ կարձակվեն։ Մանրամասները հաջորդիվ կներկայացնենք։
Տարոն Մանուկյանը և Գոռ Սարգսյանը կշարունակեն մնալ կալանքի տակ»։
Հիշեցնենք, որ մայիսի 8-ին ընդդիմության կազմակերպած ավտոերթի ընթացքում Գյումրի քաղաքի Երևանյան խճուղում կանգնած քաղաքացիների և հիշյալ ավտոերթի մասնակիցների միջև տեղի է ունեցել վիճաբանություն։
Քննչական կոմիտեն հայտնել է, որ մի խումբ երիտասարդներ՝ իջնելով ավտոմեքենայից, մոտեցել են հասարակական տրանսպորտի կանգառում կանգնած տարեց տղամարդկանց և սկսել հարվածներ հասցնել նրանց մարմնի տարբեր մասերին:
Ընդդիմադիրներն իրենց հերթին հայտնել են, որ տեղի ունեցածը սադրանք էր. հավաքվածները մինչ այդ ձվերով, քարերով հարվածել են երթի մասնակիցների ավտոմեքենաներին, հայհոյանքներ հնչեցրել։
Հավելենք, որ նշված գործով մեղադրանք է առաջադրվել 7 անձի, որոնցից 5-ի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանքը: