
Ծանր սպառազինության մատակարարումները չեն բավարարում Կիևին. Կուլեբա

Կիևին չի բավարարում մատակարարվող ծանր սպառազինության քանակը։ Այս հայտարարությունն արել է Ուկրաինայի արտգործնախարար Դմիտրի Կուլեբան։
«Իրականում տարբեր երկրներից տարբեր ուղիներով մատակարարումները բավական կայուն են, բայց քանակը չի բավարարում»,- ասել է Կուլեբան «Forbes Ուկրաինա»-ին տված հարցազրույցում:
Միաժամանակ նա նշել է, որ ծանր սպառազինությունը, այդ թվում՝ ամերիկյան HIMARS ՀԿՌՀ-ները, հաուբիցներն ու տանկերը գալիս են և ավելի շատ են լինելու։
Ավելի վաղ ՌԴ-ն ՆԱՏՕ-ի երկրներին նոտա էր հղել Ուկրաինային զենք մատակարարելու համար։ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը նշել էր, որ ցանկացած բեռ, որը սպառազինություն է պարունակում Ուկրաինայի համար, օրինական թիրախ կդառնա Ռուսաստանի համար: