ՌԴ-ն պատրաստ է աջակցել ՀՀ-ին առանձին հետախուզական ծառայություն ստեղծելու դեպքում․ Նարիշկին

Ռուսաստանը պատրաստ է անհրաժեշտ աջակցություն ցուցաբերել Հայաստանին արտաքին հետախուզության առանձին ծառայության ստեղծման դեպքում։ Այս մասին Երևանում հայտարարել է ՌԴ արտաքին հետախուզության ծառայության ղեկավար Սերգեյ Նարիշկինը՝ պատասխանելով Sputnik Արմենիայի թղթակցի հարցին։

 

Նարիշկինի խոսքով՝ արտաքին հետախուզության առանձին ծառայություն ստեղծելը կամ չստեղծելը, իհարկե, Հայաստանի քաղաքական ղեկավարության իրավասությունն է:

«Ռուսաստանը, մեր արտաքին հետախուզության ծառայությունը ինչ ձևաչափով էլ աշխատենք մեր հայ գործընկերների հետ, ցանկացած մեթոդաբանական օգնություն, աջակցություն կցուցաբերենք։ Մենք նույնքան հուսալիորեն և հետևողականորեն կփոխգործակցենք, որքան մինչև օրս ենք փոխգործակցել»,- նշել է Նարիշկինը։

 

Նա ավելացրել է, որ Հայաստանն ու Ռուսաստանը ընդհանուր խնդիրներ ունեն, որոնք պետք է լուծեն։

 

Ավելի վաղ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը խորհրդարանում հայտարարել էր, որ Անվտանգության խորհուրդը գործընկերների հետ խորհրդակցություններ է սկսել արտաքին հետախուզության ծառայության ստեղծման հարցով:

 

Բացի այդ, դեռևս նախորդ տարվա օգոստոսին վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ներկայացնելով կառավարության 2021-2026 թվականների ծրագիրը, հայտնել էր, որ իշխանությունները արտաքին հետախուզության ծառայություն կձևավորեն հինգ տարվա ընթացքում։

Քաղաքականություն