ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Դեպուտատ կոչեցյալի եղբայրը ներկա է եղել որդուս սպանությանը․ Ապարանում սպանվածի հայր մանրամասներ է հայտնում
Կրակոցներից մեկ օր առաջ վիճաբանություն է եղել, որի մասին տեղյակ է եղել ամբողջ ոստիկանությունը՝ ոստիկանապետի գլխավորությամբ, այնուհետև այդ վիճաբանությունը շարունակվել է փոխմարզպետին պատկանող գազալցակայանում։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Ապարանում կրակոցներից սպանված Տիգրան Հարությունյանը հայրը։
«Վիճաբանությանը ներկա են եղել Արագածոտնի փոխմարզպետ Էդգար Փարվանյանի հորեղբոր տղաները և Մաթևոս Ասատրյանի եղբայրը։ Մեր պահանջն այն է, որ արդար քննություն ընթանա և բոլոր մեղավորները պատժվեն։ Բոլորի համար տարօրինակ է, որ սպանությունից մեկ շաբաթ անցել է, բայց ձերբակալվել է ընդամենը 1 հոգի»,- ասաց նա, հավելելով, որ պահանջատեր են լինելու, որ բոլոր մասնակիցները պատժվեն։
Հարցին, թե իրավապահ համակարգը քիչ լուր է հայտնում, իշխանավորները լռում են, սպանվածի հայրն ասաց, որ պետք չէ քաղաքականացնել, իրենց պահանջը մեղավորներին պատժելն է։
Հարցին՝ փոխմարզպետ Էդգար Փարվանյանը և իշխանության այլ ներկայացոցիչներ եղե՞լ են հոգեհանգստին, սպանված Տիգրան Հարությունյանի հայրն ասաց․
«Ոչ, միայն մարզպետն է եղել։ Ասում են, որ միջադեպի տեսագրությունը եղել է, բայց ջնջվել է Էդգար Փարվանյանի պատկանող գազալցակայի տեսախցիկներից, հանել, տարել են։ Հիմա մենք կսպասենք ինչ գործողություններ են կատարում Քննչական կոմիտեն և ոստիկանությունը»։
Հարազատներից մեկն էլ նշեց, որ մինչև Փարվանյանները չհեռանան Ապարանից, իրենք հանգիստ չեն ապրելու։
Հիշեցնենք, որ Արագածոտնի մարզում կրակոցներ էին հնչել, որոնց հետևանքով սպանվել է երկու երիտասարդ։ Դեպքից անմիջապես հետո լուրեր տարածվեցին, թե Նիկոլ Փաշինյանին հայհոյելու համար վիճաբանություն է սկսվել մի խումբ երիտասարդների և ՔՊ-ական պատգամավոր Մաթևոս Ասատրյանի ու Արագածոտնի փոխմարզպետ Էդգար Փարվանյանի հարազատների միջև: Ըստ այդ լուրերի`վիճաբանության ընթացքում ՔՊ-ական պատգամավորների հարազատները ավտոմատներով կրակել են երիտասարդների վրա:
ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Մաթևոս Ասատրյանը գրառում արեց ֆեյսբուքյան իր էջում` վստահեցնելով, որ դա բացարձակ սուտ է և որևէ աղերս չունի իրականության հետ։
Ոստիկանությունն էլ հաղորդագրություն տարածեց` ընդգծելով, որ միջադեպը քաղաքական ենթատեքստ չունի։
Այժմ հարազատները օբյեկտիվ քննություն են պահանջում, և պահանջում են, որպեսզի բացահայտվեն մեղավորները ու որ նրանք չապրեն ապարանում։