Քանդել են առաստաղն ու մուտք գործել դրամապահոցի սենյակ. Լոռում փորձել են բանկ թալանել 

 Այսօր՝ հունիսի 23-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 02:20-ի սահմաններում ՀՀ ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության Թումանյանի պահպանության բաժնի ծառայողը ահազանգել է ոստիկանության Թումանյանի բաժին և հայտնել, որ Ալավերդ քաղաքում Հայաստանում գործող բանկերից մեկի՝ «Թումանյան» մասնաճյուղի  անվտանգության ահազանգման համակարգը միացել է։

 

  Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, նշված վայր են ժամանել ոստիկանության արագ արձագանքման խումբը։   Ոստիկանները պարզել են, որ դեռևս անհայտ անձը կամ անձինք բանկի մուտքի դուռը բացել են դրսի հատվածից և դրամապահոցի համար նախատեսված սենյակում քանդել են առաստաղը։  Շամշյանի տեղեկություններով՝ նշված բանկի մասնաճյուղի այդ հատվածը եղել է չբնակեցվող և առանց հսկողության թողնված։ Այն մասնաշենքի 2-րդ հարկն է, որտեղ պանելային հատակը շուրջ 30 սմ տրամագծով տեխնիկական միջոցների գործադրմամբ քանդել են և մուտք գործել դրամապահոցի սենյակ,  փորձել մետաղյա լիգանման առարկայով բացել դրամապահոցի դուռը։ Հավանաբար, երբ զգացել են, որ միացել է ազդանշանը, ոչինչ չգողանալով՝ դիմել են փախուստի։