«Մեր այսօրվա հավաքը մի փոքր այլ ֆորմատով է լինելու». Սաղաթելյանը ներկայացրեց ընդդիմության առաջիկա անելիքները

«Դիմադրության» շարժման անդամ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը ներկայացրեց ընդդիմության անելիքները մայիսի 30-ին և 31-ին:

 

Ֆրանսիայի հրապարակում լրագրողների հետ զրույցում Սաղաթելյանը հայտնեց, որ մայիսի 30-ին, ժամը 19:30-ին Ֆրանսիայի հրապարակում կհավաքվեն, որտեղ տեղի կունենա աշխատանքային զրույց քաղաքացիների հետ:

 

«Ժամը 19:30-ին հավաքվելու ենք: Մեր այսօրվա հավաքը մի փոքր այլ ֆորմատով է լինելու: Լինելու է աշխատանքային զրույց մեր քաղաքացիների հետ, որովհետև հաճախ անմիջական շփումն ավելի կարևոր է»,- ասաց նա՝ հավելելով, որ հավաքի ընթացքում կլսեն քաղաքացիներին, բացատրություններ կտան, կամփոփեն իրենց կատարած աշխատանքները, կպլանավորեն հաջորդ օրվա անելիքները:

 

Իշխան Սաղաթելյանը հայտնեց, որ մայիսի 31-ի առավոտից սկսելու են անհնազանդության ակցիաները, իսկ երեկոյան տեղի կունենա հանրահավաք և երթ:

 

Նա նաև հայտնեց, որ կառավարության 3-րդ մասնաշենքի մոտ տեղի ունեցած ակցիայի ընթացքում բերման ենթարկվածների թիվը հասնում է մի քանի հարյուրի:

 

Ոստիկանությունը դեռևս բերման ենթարկվածների թիվ չի հայտնել:

Քաղաքականություն