
«Նիկո՛լ, դավաճան» վանկարկումների ներքո Փաշինյանը մտավ «Մարիոթ» հյուրանոց

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ժամանեց «Մարիոթ» հյուրանոց, որտեղ ընթանում է Ժողովրդավարության հայկական ֆորումը։
«Դիմադրություն» շարժման անդամները Փաշինյանին դիմավորեցին սուլոցներով, ինչպես նաև «ամո՛թ», «Նիկո՛լ, դավաճա՛ն» վանկարկումներով։
Համաժողովին մասնակցում են նաև ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն ու ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին։
Բոլորը հյուրանոց մտան հետնամուտքից։
«Մենք թույլ չենք տալու, որ Հայաստանը թրքացնեն, Արցախն էլ հանձնեն Ադրբեջանին։ Առանց թուրքի Հայաստան լինելո՛ւ է, հաղթանակը շատ մոտ է, մեր պայքարն էլ անկասելի է»,– նշեց «Դիմադրության» անդամներից մեկը։
Ընդդիմադիրները ԱՄՆ–ին կոչ են անում հետ կանչել իր դեսպանին, քանի որ նա անհարգալից վերաբերմունք է ցուցաբերել հայ ժողովրդի նկատմամբ։
Նշենք, որ օրեր առաջ Թրեյսին ասել էր, որ ԱՄՆ-ն հանձնառու է օգնել հայ ժողովրդին` կառուցելուայնպիսի ապագա, որի հիմքում ընդհանուր ժողովրդավարական արժեքներն են ու այն ճանապարհը, որը հայ ժողովուրդն ընտրել է 2018 թվականին ու վերահաստատել 2021-ի ընտրություններին։
Հիշեցնենք, որ ընդդիմադիրները «Մարիոթի» մոտ են ժամանել, որպեսզի ներկայացնեն փաստեր, որ ՀՀ–ում խոսքի ազատությունը, մամուլը և ժողովրդավարությունը ոտնահարված են։