
Ինչ խախտումներ է հայտնաբերել ՄԻՊ-ն այսօրվա հանրահավաքի ժամանակ

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը ներկայացրել է արագ արձագանքման խմբերի այցերի և մշտադիտարկումների արդյունքները։ ՄԻՊ-ի արագ արձագանքման խմբերը Երևանում այցելել են ոստիկանության 7 բաժիններ, ինչպես նաև Արարատի մարզի Մասիս քաղաքի և Արմավիրի մարզի Վաղարշապատ քաղաքի ոստիկանության բաժիններ և մի շարք խախտումներ արձանագրել։
«Արձանագրվել է ԱԺ պատգամավոր Արծվիկ Մինասյանին բերման ենթարկելու փորձեր, ոստիկանության ծառայողները փորձել են նրան նստեցնել ոստիկանության տրանսպորտային միջոց։ Ընդ որում` դա ուղեկցվել է վերջինիս քաշքշելով, հրմշտելով։ Հատկապես դատապարտելի է այն, որ ոստիկանության ծառայողները ճանաչել են անձին, նրան դիմել անունով և դրանով հանդերձ փորձել են ուժի կիրառմամբ բերման ենթարկել»,- նշված է հաղորդագրության մեջ։
ՄԻՊ-ը զգուշացնում է, որ ՀՀ ԱԺ պատգամավորին չի թույլատրվում ազատությունից զրկել, բացառությամբ, երբ նա բռնվել է հանցանք կատարելու պահին կամ դրանից անմիջապես հետո։
Ոստիկանության Երևան քաղաքի վարչության Կ. Դեմիրճյանի անվան մետրոպոլիտենի պահպանության բաժնում արձանագրվել է ոստիկանության ծառայողների կողմից 2 անչափահաս անձանց ծեծելու և հայհոյելու դեպք։ Դեպքի առնչությամբ պաշտպանը կապ է հաստատել ոստիկանության ղեկավարության հետ, նրան հավաստիացրել են, որ գործի հանգամանքները մանրամասն ուսումնասիրվում են՝ պատշաճ գնահատական տալու համար։
«Բերման ենթարկվածների հետ առանձնազրույցների ընթացքում քաղաքացիները նշել են, որ ոստիկանների կողմից իրենց նկատմամբ կիրառվել է ակնհայտ անհամաչափ ֆիզիկական ուժ, ընդ որում` որոշ դեպքերում ուժի կիրառումը դրսևորվել է տարբեր տեսակի հարվածներ հասցնելով, այդ թվում՝ անձանց գլխի հատվածում։ Համատարած բնույթ է կրել քաղաքացիներին մայթերից, ճանապարհին հարող տարածքներից, զբոսայգիներից բերման ենթարկելու դեպքերը։ Որոշ դեպքերում անգամ վարչական ձերբակալման են ենթարկվել ակցիաներին չմասնակցող քաղաքացիները։ Այսինքն՝ բերման ենթարկելը պայմանավորված չի եղել ոստիկանի օրինական պահանջը չկատարելու հանգամանքով»,- տեղեկացնում է ՄԻՊ-ը։
Այսօրվա մշտադիտարկումը ևս արձանագրել է հավաքի մասնակիցների կողմից ոստիկանության ծառայողներին վիրավորելու, սպառնալու և սադրիչ գործելակերպի այլ դրսևորումներ։