
Զոհված զինծառայողների ծնողները գիշերն անցկացրել են դատախազության շենքի մոտ

Զոհված զինծառայողների հարազատները գիշերն անցկացրել են ՀՀ գլխավոր դատախազության շենքի մոտ։ Լրագրողների հետ զրույցում զոհված զինծառայողի հորեղբայր Արսեն Ղուկասյանը մտահոգություն հայտնեց, որ վստահ չեն, որ Նիկոլ Փաշինյանը հինգ օրվա ընթացքում կլինի Հայաստանում, այլ՝ չի դիմի փախուստի, քանի որ ականատես ենք, թե ինչ է կատարվում քաղաքում։
«Ինքն էլ է երևի քաջ գիտակցում, որ արդեն իւր ժամանակը եկել է, վերջը եկել է»,- նշեց Ղուկասյանը։
Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ զոհված զինծառայողների ծնողները ՀՀ գլխավոր դատախազությունից պահանջում էին քրեական գործով իրենց որպես տուժողների իրավահաջորդ ճանաչել, ինչը բավարարվել է։ Մյուս պահանջը, որը ներկայացվել էր ծնողների կողմից, վերաբերում էր Նիկոլ Փաշինյանին քրեական գործով որպես մեղադրյալ ներգրավելուն։ Նշված միջնորդությունը դատախազությունն ուղարկել էր Հակակոռուպցիոն կոմիտե՝ Մովսես Հակոբյանի հայտարարությունների հիման վրա հարուցված քրեական գործի շրջանակներում քննարկելու։ Ծնողները 48 ժամ ժամանակ էին տվել՝ նշված միջնորդության վերաբերյալ որոշում կայացնելու համար, սակայն երեկ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանի և Մովսես Հակոբյանի հայտարարությունների վերաբերյալ քրեական գործով հսկողություն իրականացնող դատախազ Արմեն Մուրադյանի հետ հանդիպման ընթացքում նշվեց, որ քրեական դատավարության օրենսգիրքը սահմանում է 5-օրյա ժամկետ՝ միջնորդության լուծման համար, ինչից հետո իրավիճակը լարվել է։
Ծնողների և դատախազության ներկայացուցիչների միջև վիճաբանություն է տեղի ունեցել, ապա ծնողների մի մասը որոշել են գիշերել դատախազության շենքի մոտ՝ պահանջելով առավել սեղմ ժամկետներում միջնորդությանը լուծում տալ, մեղադրյալ ներգրավել և կալանավորել Փաշինյանին, քանի որ գտնում են, որ Փաշինյանը կարող է փախչել ՀՀ-ից։