12-ամյա աշակերտին էքսկուրսիայի ժամանակ քաղցրավենիքի միջոցով թմրանյութ են տվել
«Աշտարակի համայնքի Օրգով գյուղի Արփի Թրպանճյանի անվան միջնակարգ դպրոցի 12-ամյա աշակերտը դպրոցական էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում։ Ինձ մոտ առկա բժշկական եզրակացության համաձայն՝ երեխայի օրգանիզմում հայտնաբերվել է թմրամիջոց»։ Այս մասին սոցիալական ցանցի իր էջում ահազանգել է «Ձեռքդ տուր» համայնքային զարգացման հասարակական կազմակերպության նախագահ Կարինե Թորոսյանը։
Կարինե Թորոսյանի խոսքով, ըստ առկա տվյալների՝ խոսքը բարձր դոզայի մասին է, իսկ երեխայի առողջական վիճակը գնահատվում է ծանր։
«Հարգելի տիկին Սարգսյան, քանի՞ երեխա պետք է հայտնվի հիվանդանոցում, որպեսզի հասկանանք, որ սա արդեն ոչ թե առանձին դեպք է, այլ ահազանգ ամբողջ հասարակության համար։
Աշտարակի համայնքի Օրգով գյուղի Արփի Թրպանճյանի անվան միջնակարգ դպրոցի 12-ամյա աշակերտը դպրոցական էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում։
Ինձ մոտ առկա բժշկական եզրակացության համաձայն՝ երեխայի օրգանիզմում հայտնաբերվել է թմրամիջոց։
Ըստ առկա տվյալների՝ խոսքը բարձր դոզայի մասին է, իսկ երեխան այս պահին գտնվում է հիվանդանոցում՝ ծանր վիճակում և հիշողության կորստով։ Ընդ որում, բժիշկները փաստել են, որ երեխան առաջին ամգամ է օգըագործել։ Ենթադրվում է՝ քաղցրի միջոցով է փոխանցվել երեխային։
Տիկին Սարգսյան, Դուք ասում էիք՝ եթե կան փաստեր, ներկայացրեք։
Ահա փաստերը՝
12-ամյա երեխան հիվանդանոցում է։
Բժշկական եզրակացությունը կա։
Այս պահին ինձ չի հետաքրքրում, թե ով է տնօրենը, ով է ուսուցիչը, կամ ինչպես եք մեղավորին փնտրելու։
Ինձ հետաքրքրում է միայն մեկ հարց․
Ո՞վ է պատասխան տալու այն բանի համար, որ 12-ամյա երեխան այսօր հիվանդանոցային մահճակալին է՝ ծանր վիճակում, հիշողության կորստով, իսկ նրա օրգանիզմում հայտնաբերվել է թմրամիջոց։
Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային։
Ո՞վ է խլել այդ ընտանիքի հանգիստն ու երեխայի առողջությունը։
Ո՞վ է պատասխան տալու ծնողների առաջ։
Եվ ամենակարևորը՝
Ո՞վ է երաշխավորելու, որ վաղը նույն ճակատագրին չի արժանանա մեկ այլ երեխա։
Խնդրում ու պահանջում եմ գործն անհապաղ վերցնել հատուկ վերահսկողության տակ, բացահայտել դեպքի բոլոր հանգամանքները, հայտնաբերել թմրամիջոցի աղբյուրը և օրենքի ամբողջ խստությամբ պատժել բոլոր մեղավորներին»,–գրել է հասարակական կազմակերպության նախագահը։
ՆԳՆ մամուլի խոսնակ Նարեկ Սարգսյանը, արձագանքելով Կարինե Թորոսյանի գրառմանը հայտնել է, որ հաղորդումը ստացել են, միջոցառումներ են իրականացվում։
«Դեպքը ՆԳՆ ոստիկանության ղեկավարության կողմից հսկողության տակ է։ Հավելյալ տեղեկություն ունենալուն պես՝ կհայտնեմ»,–գրել է Նարեկ Սարգսյանը։