Ընդդիմադիր Նիկոլը կասեր՝ «մարդասպան կորտեժ». Թագուհի Թովմասյան

Անթույլատրելի է վրաերթի ենթարկված հղի կնոջը անօգնական թողնելը։ Ֆեյսբուքյան իր էջում այս մասին գրել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության անդամ, ԱԺ մարդու իրավունքների և հանրային հարցերով մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանը:

 

Նա մասնավորապես նշել է. 

 

«ՀՀ քննչական կոմիտեի հաղորդմամբ, նախնական տվյալներով՝ երեկ՝ ժամը 18:05-ի սահմաններում, Երևան քաղաքի Պարոնյան և Լեո փողոցների խաչմերուկում «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության ուղեկցող սպայական վաշտի հրամանատարն իր կողմից վարած «Տոյոտա Պրադո» մակնիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել Արարատի մարզի 28-ամյա բնակչուհուն, որի հետևանքով ստացած մարմնական վնասվածքներով վերջինս տեղափոխվել է «Նաիրի» բժշկական կենտրոն, որտեղ գիտակցության չգալով՝ մահացել է:

Ցավով եմ տեղեկանում, որ նշված ավտոմեքենայի վարորդը դեպքից հետո թողել է ճանապարհատրանսպորտային պատահարի վայրը և հեռացել:

Ընդդիմադիր Նիկոլը կասեր՝ «մարդասպան կորտեժ»․.․

Ցավակցում եմ մեր քաղաքացու հարազատներին։ Հուսով եմ՝ մեղավորները կստանան արժանի պատիժ օրենքի ամբողջ խստությամբ։ Հետևողական եմ լինելու»:

 

Պատգամավորը վերջում նաև հավելել է, որ  երեկ վրաերթի ենթարկվածը Արցախում կառուցվող «Թևեր» ՏՏ կենտրոնի ծրագրի ղեկավար Սոնա Մնացականյանն էր: 

Քաղաքականություն