
Սոցապից պարզաբանում են՝ ինչու է քաղաքացիների կուտակած կենսաթոշակային հաշվի մնացորդը բացասական․ Hraparak

Երկու օր է՝ ֆեյսբուքում տարբեր օգտատերեր բարձրաձայնում են այն մասին, որ ստուգել են իրենց կենսաթոշակային հաշիվները և հայտնաբերել, որ գումարային մեծ կորուստ են ունեցել անցյալ եռամսյակ։ Եվ սա մտահոգել է շատերին, որ եթե այսպես շարունակվի, ապա տարիներ անց ոչ թե թոշակ են ստանալու, այլ մի բան էլ իրենք են պետությանը պարտք մնալու։ Մինչդեռ կուտակային կենսաթոշակային համակարգի իմաստը լրիվ հակառակն էր, որ այսօրվա աշխատածի հաշվին տարիներ հետո ապահովվեր ՀՀ հպարտ քաղաքացիների բարեկեցիկ ծերությունը։
Օրինակ՝ օգտատեր Տիգրան Քեյանն այս առնչությամբ հաշվի բացասական բալանսի մասին վկայող լուսանկար է հրապարակել և կից գրել․ «Մեզ տարիներ շարունակ խաբելով, տուգանելով, լավ կյանք խոստանալով քաղաքական դիվիդենտներ են հավաքել ու էլի շարունակում են խաբել ու քցել: Ճիշտ ա, ամիսներ եղել ա, որ եկամտաբեր է եղել, բայց սենց, որ նայում եմ, մի օր կարող ա ամբողջ կուտակածը գնա ու կորի»։
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից այս թեմայով Hraparak.am-ին մի երկարաշունչ պարզաբանում են ուղարկել՝ հույսով, որ այդպիսով կփարատեն քաղաքացիների մտահոգությունները։ Բայց, կարդալով նրանց ուղարկած պարզաբանումը, նոր հարցականներ ու մտահոգություններ են առաջ գալիս, որոնց վերաբերյալ առաջիկայում կփորձենք համապարփակ տեղեկատվություն ստանալ նախարարությունից։ Հիմնական միտքն այն է, որ մեր կուտակած գումարները կառավարիչների անուղղակի կերպով (կառավարիչների կողմից) ներդրվել են որպես ավանդ կամ տեղաբաշխվել են պետական պարտատոմսերում, կորպորատիվ թղթերում, իսկ մնացած շուրջ 33%-ը՝ արտարժույթով (հիմնականում USD և EUR) արտասահմանյան արժեթղթերում, այդ թվում՝ մասնավոր խոշոր կազմակերպությունների բաժնային արժեթղթերում, և կախված դոլարի փոխարժեքի տատանումներից, այդ գումարների ներդրումից կարող է առաջանալ ինչպես բարձր եկամտաբերություն, այնպես էլ՝ ցածր։ Ուստի, օգտատերերի հաշիվներում վերջին եռամսյակում առաջացած բացասական բալանսը, ըստ նախարարության, դոլարի փոխարժեքի տատանումներից, այս դեպքում՝ փոխարժեքի նվազումով է պայմանավորված։
Նախարարության պարզաբանումն՝ առավել մանրամասն, ներկայացնում ենք ստորև․
«Հայաստանում կենսաթոշակային ֆոնդերը կառավարում է ոչ թե պետությունը, այլ լիցենզավորված 2 կազմակերպություն. ֆրանսիական ծագումով «Ամունդի-ԱԿԲԱ ասեթ մենեջմենթը» և ավստրո-գերմանական «Ցե-Կվադրատ ամպեգա ասեթ մենեջմենթ Արմենիան»։ Ակտիվների այս կառավարիչներն ունեն տասնամյակների պատմություն ու փորձ, կառավարում են ահռելի ծավալների ակտիվներ։ Որպեսզի ավելի պատկերավոր լինի՝ փաստենք, որ օրինակ Amundi-ին աշխարհի ակտիվների ամենախոշոր կառավարիչների 10-նյակում է, շարքում է այնպիսինների կառավարիչների, ինչպիսիք են ամերիկյան JPMorgan Chase & Co.-ն, Goldman Sachs-ը, գերմանական Allianz-ը, շվեյցարական UBS-ը և այլն։ Ամունդիի կողմից կառավարվող ակտիվների ընդհանուր պորտֆելը կազմում է շուրջ $2 տրիլիոն։ Հայաստանում Amundi-ACBA Asset Management-ին և C-Quadrat Ampega Armenia-ը մասնակիցներիս և պետության կողմից կատարված հատկացումները ուղղում են որոշակի եկամտաբերություն ունեցող ակտիվներում, կառավարում դրանք՝ նպաստելով ֆոնդերի միջոցների աճին։ Կառավարիչները կուտակային միջոցները կառավարում են 3-ական ֆոնդերում՝ կայուն եկամտային, պահպանողական և հավասարակշռված։ Միջոցների մոտ 98%-ը գտնվում են պահպանողական ֆոնդերում։
2021-IV եռամսյակի ամփոփված տվյալներում կուտակային ընդհանուր միջոցները կազմել են ավելի քան 480 մլրդ դրամ ($1 մլրդ), որում մոտ 390 մլրդ-ը մասնակից-պետություն վճարած հատկացումներն են, իսկ 90 մլրդ դրամը ձևավորվել է ներդրումներից բերած եկամուտներից։ Այսինքն՝ համակարգը վերջին 8 տարիներին ապահովում է դրական եկամտաբերություն, չնայած, որ եղել են և դեռ կլինեն ժամանակահատվածներ, երբ այն բացասական արդյունք կգրանցի, որի պատճառների և գործոնների մասին կխոսենք ստորև։ Ներդրումների շուրջ 67%-ը ՀՀ դրամով տեղաբաշխված է Հայաստանում՝ պետական պարտատոմսերում, բանկային ավանդներում և կորպորատիվ թղթերում, իսկ մնացած շուրջ 33%-ը՝ արտարժույթով (հիմնականում USD և EUR) արտասահմանյան արժեթղթերում, այդ թվում՝ մասնավոր խոշոր կազմակերպությունների բաժնային արժեթղթերում, պարտքային արժեթղթերում և այլն։ Այստեղ շատ կարևոր է արձանագրել արտարժույթով կատարված ներդրումների այն փաստը, որ կենսաթոշակային ֆոնդերում գոյացած միջոցները հաշվետվություններում (այդ թվում՝ յուրաքանչյուրիս մասով ձևավորվող) արտահայտվում են ՀՀ դրամով, այսինքն նախորդ ժամանակահատվածի համեմատ փոխարժեքի տատանումը կարող է դրամային արտահայտությամբ առաջացնել բարձր եկամտաբերություն և հակառակը։ Փորձենք օրինակով ներկայացնել. դիցուք եռամսյակի տվյալներով Վահեի կենսաթոշակային հաշվին առկա է 5 մլն դրամ, իսկ հաշվետու օրվա դրությամբ դոլարի փոխարժեքը 517 դրամ է, և այլ գործոններն անփոփոխ լինելու պարագայում, եթե հաջորդ եռամսյակի հաշվետու օրվա դրությամբ փոխարժեքը գրանցի 476 արժեքը, ապա Վահեն կունենա բացասական եկամտաբերություն՝ -130,851 դրամի չափով (հաշվի առնելով, որ Վահեի միջոցների 33%-ը կամ 1,65 մլն դրամի միջոցները ներդրված են արտարժութային ակտիվներում, որը նախորդ եռամսյակում կազմել է $3,191՝ 517 դրամ փոխարժեքի պայմաններում):
Հետևաբար, եկամտաբերության մասին տեղեկատվությունը ստանալիս պետք է ուշադրություն դարձնել և համեմատական տանել վերջին և դրան նախորդող եռամսյակների հաշվետու օրվա դրությամբ փոխարժեքների միջև. էական տատանումը էական ազդեցություն կունենա եկամտաբերության վրա։ Այսօր կուտակայինի մասնակիցներս անուղղակի ձևով բաժնետերեր ենք այնպիսի կազմակերպություններում, ինչպիսիք են Amazon-ը, Apple-ը, Google-ը, Honda-ն, Samsung-ը, Nestle-ն և շատ ու շատ համաշխարհային հսկաներ։ Թե ինչպես է աշխատում արժեթղթերի շուկան, կարծում եմ՝ շատերն արդեն պատկերացում ունեն, դրանք ֆինանսական տարբեր գործիքների միջոցով ապահովում են որոշակի եկամտաբերություն, ինչպես նաև բաժնետոմսի գնի բարձրացում՝ նաև գնաճով պայմանավորված, սակայն ամենատարբեր պատճառներով ամենահզոր կազմակերպության արժեթղթերը կարող են նույնիսկ գնանկում գրանցել՝ պատճառ կարող է դառնալ ՀՀ տնտեսությունում և համաշխարհային տնտեսություններում բարձր գնաճերը, վատատեսական սպասումները, շուկայում անկայունություններն ու անորոշությունները, պատերազմները, տեխնոլոգիական փոփոխությունները, սանկցիաները, ընդհուպ մինչև անհիմն բամբասանքներն ու դատական խոշոր հայցերը, օրինակները բազմաթիվ են։ Ամփոփելով վերոգրյալը՝ կարող ենք փաստել, որ ցածր կամ նույնիսկ բացասական եկամտաբերությունը որևէ կապ չունի պետության՝ կենսաթոշակային համակարգի ուղղությամբ իրականացվող գործողությունների հետ, և պետությանն ուղղված քննադատություններն ու մեղադրանքները ֆոնդերի միջոցների տնօրինման, կառավարման, և դրա հետևանքով գրանցած եկամտաբերության հարցում հիմնազուրկ են, իսկ երկարաժամկետ հատվածում եկամտաբերությունը եղել է և կլինի կայուն դրական»։