
Պլաստիկ քարտ չկա․ վարորդներն ահազանգում են՝ վարորդական իրավուքի վկայականի խնդիրը չի լուծվում

Տևական ժամանակ է վարորդները բողոքում են, որ վարորդական իրավունքի վկայականի պլաստիկ քարտի փոխարեն իրենց տալիս են ժամանակավոր թուղթ` A4 տեսակի: Վարորդական իրավունքին փոխարինող ժամանակավոր թուղթը տրվում է մեկ կամ երկու ամիս վավերականության ժամկետով: Վարորդներից մեկը 5-րդ ալիքի հետ զրույցում նշել էր, որ իրեն տրամադրված թղթի ժամկետն արդեն չորս անգամ 1 ամսով երկարաձգվել է, իսկ վերջին անգամ երկարաձգել են 4 ամսով: Ստացվում է, որ տվյալ քաղաքացին մինչև հուլիս ամիս պլաստիկ քարտ չի ունենա: Վարորդների համար գլխավոր խնդիրը, սակայն, այն է, որ այդ թղթով երկրի սահմանը հատել չեն կարող:
Ոստիկանությունից դեռ մարտի 8-ին նշել էին, որ պլաստիկ քարտերի ներկրումն օրերի հարց է: Նշված ժամկետից անցել է ավելի քան մեկ ամիս, բայց խնդիրը դեռ չի կարգավորվել:
«Վարորդի ընկեր» ՀԿ նախագահ Տիգրան Քեյանն էլ, անդրադառնալով խնդրին, գրել է.
«Հարգելի՛ ՀՀ կառավարություն և ՀՀ ոստիկանություն, եթե տեղեկացված չեք, ապա ասեմ, որ Հայաստանում կան խոշոր ընկերություններ, որոնք մասնագիտացված են պլաստիկի արտադրությամբ և ձեր անպատասխանատու քայլերի արդյունքում ՀՀ-ի հարկ վճարող քաղաքացիները անհարկի քաշքշուկների մեջ են ընկնում:
ՀՀ հարկատու քաղաքացիների անունից պահանջում եմ անհապաղ քայլեր ձեռնարկել վարորդական իրավունքի և մեքենաների տեխանձնագրերի պլաստիկների խնդիրը վերացնելու հարցում»:
Auroranews.am-ը ՀՀ ոստիկանության ԶԼՄ-ների հետ կապի բաժնի պետ Զարզանդ Գաբրիելյանից տեղեկացավ, որ տեխնիկական խնդիրներով պայմանավորված պլաստիկ քարտերի մատակարարում դեռ չի իրականացվել, իսկ թե ե՞րբ կիրականացվի կամ քարտերը ե՞րբ հասանելի կդառնան` հայտնի չէ:
Ինչ վերաբերվում է երկիրը լքել ցանկացող վարորդներին` ոստիկանությունից ասացին, որ նրանք կարող են պլաստիկ քարտեր ստանալ. «Պետք է դիմեն և ըստ կարգի նրանց կհատկացվի»:
Անդրադառնալով Քեյանի գրառմաը` հետաքրքրվեցինք, թե արդյոք տեղյակ են ՀՀ-ում գործող պլաստիկ արտադրող ընկերությունների մասին, եթե այո` ինչու պլաստիկների մատակարարմամբ նրանք չեն զբաղվում: Ի պատասխան հարցադրմանը՝ Գաբրիելյանը հորդորեց հարցն ուղարկել գրավոր տարբերակով։