Ի՞նչ է կատարվում Ուկրաինայում գտնվող ամերիկյան բիոլաբարատորիաներում. ինչից են վախենում ԱՄՆ-ն ու ՌԴ-ն

ԱՄՆ-ն անհանգստացած է, որ Ռուսաստանը շարունակվող հատուկ ռազմական գործողության ընթացքում կարող է իր վերահսկողության տակ վերցնել Ուկրաինայում տեղակայված ամերիկյան կենսաբանական լաբորատորիաները և դրանցում եղած նյութերը, ասել է ԱՄՆ պետքարտուղարի քաղաքական հարցերով տեղակալ Վիկտորյա Նուլանդը, գրում է interfax-ը։

 

«Մենք  մտահոգված ենք, որ ռուսական ուժերը կարող են փորձել վերահսկողություն հաստատել դրանց վրա»,- ասել է նա` ԱՄՆ Սենատում ուկրաինական հարցի վերաբերյալ լսումների ժամանակ:

 

 Նուլանդը հավելել է, որ ԱՄՆ-ն այժմ «աշխատում են ուկրաինացիների հետ, որպեսզի այդ ուսումնասիրություններին առնչվող նյութերը չհայտնվեն ռուսական ուժերի ձեռքում»:

 

Չինաստանի արտաքին գործերի նախարարությունն էլ երեկ` մարտի 8-ին,  կոչ է արել ԱՄՆ-ին հրապարակել մանրամասներ հրապարակել Ուկրաինայում իր կենսաբանական լաբորատորիաների գործունեության մասին.

 

«Միացյալ Նահանգները, որպես լաբորատորիաներին լավագույնս տիրապետող կողմը, պետք է հնարավորինս շուտ հրապարակի համապատասխան կոնկրետ տեղեկատվություն, այդ թվում, թե ինչ վիրուսներ են պահվում և ինչ հետազոտություններ են իրականացվել», - ասել է մամուլի խոսնակ Ժաո Լիջյանը և կոչ արել ռազմական գործողություններին մասնակցող բոլոր կողմերին ապահովել լաբարատորիաների անվտանգությունը:

 

Ինչո՞ւմ է մեղադրում ՌԴ-ն ԱՄՆ-ին

 

Ռուսաստանը մեղադրում է ԱՄՆ-ին Ուկրաինայում ֆինանսավորած բիոլաբարատորիաներում կենսաբանական զենքի անօրինական հետազոտություն իրականացնելու համար: Մոսկվան պնդում է, որ այդ լաբարատորիաներում մարդու համար մահացու հիվանդությունների պաթոգեն նյութերի պաշարներ կան` ներառյալ սև մահը: Այս մասին գրում է Dailymail-ը և նշում, որ այս պնդումներն ապատեղեկատվություն են: Ըստ ամերիկյան լրատվականի` այդկերպ Ռուսաստանը փորձում է արդարացնել իր հարձակումը Ուկրաինայի վրա: Ռուսաստանն էլ, սակայն, իր հերթին պնդում է` բիոլաբարատորիաներում կենսաբանական զենքի անօրինական հետազոտություններ են իրականացվում: 

 

ՌԴ Պաշտպանության նախարարության խոսնակ գեներալ-մայոր Իգոր Կոնաշենկովը հայտարարել է.

«Ակնհայտ է, որ հատուկ ռազմական գործողության մեկնարկով Պենտագոնը լրջորեն անհանգստացած էր Ուկրաինայում գաղտնի կենսաբանական փորձերի բացահայտմամբ: Մոսկվան փաստաթղթեր է ձեռք բերել, որոնք հաստատում են, որ Ռուսաստանի տարածքի անմիջական մերձակայքում գտնվող կենսալաբորատորիաները զբաղվել են կենսաբանական զենքի բաղադրիչների մշակմամբ»:

 

Ըստ Կոնաշենկովի, ՌԴ-ի ձեռքի տակ են հայտնվել փաստաթղթեր, որով Ուկրաինայի Առողջապահության նախարարությունը հրահանգել է ոչնչացնել «հատկապես վտանգավոր պաթոգենները» և այլ մահացու հիվանդություններով վարակող նյութերը:

Մոսկվան ենթադրում է` ոչնչացումը նպատակ ուներ թաքցնել կենսաբանական զենքի մասին կոնվենցիայի խախտումները: 

 

Ռուսաստանը պնդում է, որ Ուկրաինայի կողմից ծրագրված «սադրանք» է նախապատրաստված եղել` պայթեցնել  Խարկովի մերձակայքում հետազոտական ​​ռեակտորը, որը կարող էր առաջացնել «հնարավոր ռադիոակտիվ աղտոտում», ինչի համար հետո մեղադրվելու էր Մոսկվան:

 

ՌԴ ՊՆ-ն հայտարարել է նաև, որ Պենտագոնի հետ համատեղ ծրագրերի շրջանակներում Ուկրաինայի տարածքում գործում են 30 կենսաբանական լաբորատորիաներ:

 

Քաղաքականություն