Մհեր Գրիգորյանը` Երասխ-Ջուլֆա-Մեղրի-Հորադիզ երկաթուղու գործարկման պարագայում ակնկալվող օգուտների մասին
Երասխ–Ջուլֆա–Օրդուբադ–Մեղրի–Հորադիզ երկաթուղու կառուցման խորացված հաշվարկները դեռ նոր պետք է իրականացվեն։ Այս մասին ԱԺ–ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ասաց ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը` պատասխանելով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանի` Երասխ–Ջուլֆա–Օրդուբադ–Մեղրի–Հորադիզ երկաթուղու կառուցման հաշվարկների և ներդրումների ծավալի վերադարձելիության մասին հարցին։
Մհեր Գրիգորյանը նշեց, որ միայն դրանից հետո հնարավոր կլինի հասկանալ ներդրումների ծավալը և հաշվել դրա նկատմամբ վերադարձելիությունը։
«Այս ամենից առաջ մենք պետք է ունենանք վերջնական նախագիծը` իր բոլոր դետալներով, որպեսզի ունենանք մանրակրկիտ ներդրումային հաշվարկ։ Ինդիկատիվ թվերի մասին եթե խոսենք` անգամ օտարերկրյա փորձագետների հաշվարկով` այդ թևի վերականգնման աշխատանքների մոտավոր արժեքը 226-230 մլն ԱՄՆ դոլար կարող է կազմել, տևողությունն էլ կլինի 36 ամիս»,– ասաց Գրիգորյանը։
Խոսելով բեռնափոխադրումների մասին, փոխվարչապետն ասաց, որ 3 մլն միջին չափ կա, դա` առանց շրջափակման։ 2 մլն–ը Գրիգորյանի պնդմամբ` ներքին բեռնափոխադրումներն են։
Նա նշեց, որ ապաշրջափակման պարագայում առնվազն կկրկնապատկվեն բեռնափոխադրումների հոսքերը նույնիսկ ներքին պոտենցիալի հաշվին, նվազագույնը կլինի 5 տոկոս եկամտաբերություն, ինչն, ըստ Գրիգորյանի, վատ չէ։
Նշենք, որ այժմ ստեղծվել է երկաթուղու կառուցման աշխատանքային խումբը։