Ադրբեջանցիները հայերեն պահանջում են լքել Խրամորթը, բայց բնակիչները չեն տրվում սադրանքներին. գյուղապետ. Infocom

Երեկ երեկոյան՝ ժամը 6-ի սահմաններում, ադրբեջանական զինված ուժերի ներկայացուցիչներն Արցախի Հանրապետության Ասկերանի շրջանի Խրամորթ գյուղի վարչական սահմանների մոտ բարձրախոսով ձայնագրություն են միացրել, որում հայտարարվել է, թե բնակիչները պետք է լքեն բնակավայրը, այլեւս վար ու ցանք չանեն Խրամորթում, որ այն իբրեւ թե ադրբեջանական տարածք է եւ այլն։ 

 

Այս մասին Infocom-ի հետ զրուցում ասաց Խրամորթի գյուղապետ Զորիկ Աբրահամյանը: 

«Հոգեբանական ճնշում են ուզում անել, որ ժողովրդին խուճապի մեջ գցեն, էդքան բան։ Բայց մեր վրա դա չի ազդում»,- շեշտեց մեր զրուցակիցը, հավելելով՝ մարդիկ մնալու են Խրամորթում, տեղ չունեն գնալու իրենց հայրենի գյուղից։

Գյուղապետի խոսքով՝ պատերազմի դադարից հետո նման դեպք երկրորդ անգամ է լինում, մեկը՝ երեկ, մեկն էլ՝ օրեր առաջ։ Բայց կրակոցներ չեն եղել, միայն խոսքերով են փորձել խուճապ տարածել։ Զորիկ Աբրահամյանի փոխանցմամբ՝ այս պահին գյուղում հանգիստ է իրավիճակը, իսկ սահմանի մոտ առավոտվա դրությամբ սադրանքներ չեն եղել։ Բնակիչներն էլ, ասում է, խուճապի չեն մատնվում, մտադիր էլ չեն լքել գյուղը, ինչն ապացույցն է, որ հակառակորդի այստեսակ քարոզչական սադրանքներն  անօգուտ են։ 

Ասկերանի վարչական շրջանի աշխատակազմից հայտնեցին, որ շրջանի վարչական ղեկավարը` Համլետ Ապրեսյանը, Խրամորթ է գնացել։ Ռուս խաղաղապահները նույնպես տեղեկացված են դեպքի մասին։

Ավելի վաղ Խրամորթում տեղի ունեցողի մասին ՖԲ հայտնել էր Արցախի Հանրային հեռուստաընկերության աշխատակից Ծովինար Բարխուդարյանը:

Քաղաքականություն