«Վատ լուր ունեմ ադրբեջանական իշխանությունների համար». Արման Թաթոյան
ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը, որի պաշտոնավարման ժամկետը լրանում է այսօր, իրեն այս պահին չի տեսնում պետական համակարգում։ Այս մասին աշխատանքային գործունեությունն ամփոփող ասուլիսում ասաց ՄԻՊ Արման Թաթոյանը։
«Ես ինձ տեսնում եմ այլ գործունեություն իրականացնելիս։ Իրականացնելու եմ հանրային գործունեություն։ Շատ վատ լուր ունեմ ադրբեջանական իշխանությունների համար։ Գիտեմ, որ նրանք հետևում են, ընդ որում, իրենց պատվիրակները դեռ այստեղ էին, եթե դեռ չեն գնացել, ուզում եմ, որ փոխանցեն իրենց ավելի բարձր իշխանություններին, որ ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը չի դադարեցնում իր հանրային գործունությունը, հատկապես, ադրբեջանական խախտումների հետ կապված։
Շարունակելու ենք վեր հանել իրենց խախտումները, պատերազմական հանցանքները։ Այնպես որ՝ ուրախանալու շատ տեղ չունեն այդ առումով»,- նշեց Արման Թաթոյանը՝ հավելելով, որ իր համար կարևոր է, որ իր գործունեության ընթացքում ինքը վեր է հանել խնդիրներ, ուսումնասիրություններ, հարցեր, որոնք լրջագույն սպառնալիքներ են՝ արտաքին, որը լուրջ պրոբլեմ է մեր երկրի, մեր ժողովրդի անվտանգության համար։






























