Ռոբերտ Քոչարյանի պաշտպանները պահանջում են դիմել ՍԴ. դատարանի որոշումը կհրապարակվի մարտի 1-ին

 ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանները միջնորդություն են ներկայացրել՝ գործի վարույթը կասեցնելու և ՍԴ դիմելու մասին։ 

Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ նախորդ դատական նիստին մեղադրող դատախազները հրապարակել են գործով մեղադրական եզրակացությունը։ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանները հայտարարել են, որ մեղադրանքը պարզ, հասկանալի չէ և խնդրել են պարզաբանել այն, սակայն պարզաբանում չի տրվել։

 

«Փաստինֆո»-ի թղթակցի հաղորդմամբ՝ Երևանի ընդհանուր իրավասության դատարանում՝ դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ, ընթանում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի գործով դատական նիստը, որի ընթացքում Ռոբերտ Քոչարյանի պաշտպանները միջնորդեցին՝ կասեցնել գործի վարույթը և դիմել ՍԴ։

 

Միջնորդության առարկան օրենսդրական բացն է, մասնավորապես, Հայկ Ալումյանն արձանագրեց, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգիրքը գործը քննող դատարանին հնարավորություն չի տալիս պարզաբանելու ամբաստանյալին առաջադրված մեղադրանքն այն դեպքերում, երբ այդ մեղադրանքը շարադրված է ոչ պարզ ձևով, միաժամանակ նման պարտավորություն չի դնում մեղադրողի վրա։ Ըստ Ալումյանի՝ այն, որ դատարանը օրենքով հնարավորություն չունի պարզաբանելու մեղադրանքը, հակասում է Սահմանադրության 67-րդ հոդվածի 1-ին կետին և 63-րդ հոդվածի 1-ին մասին։ Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հովհաննես Խուդոյանը միացավ միջնորդությանը՝ նշելով, որ մեղադրանքի պարզաբանման հարցը շատ հեշտ կարելի էր լուծել նախորդ դատական նիստին։ Նրա խոսքով՝ մեղադրանքի վերաբերյալ իրենք ունեին 10 հարց, և եթե դատախազները պատասխանեցին դրանց, ոչ ոք չէր ասի, որ նրանք դուրս են եկել իրենց լիազորություններից։ Ռոբերտ Քոչարյանը ևս հայտարարությամբ հանդես եկավ՝ նշելով, որ իր համար այդ ձևակերպումներն անհասկանալի էին հենց մեղադրանք առաջադրելու պահին, իսկ երբ քննիչին ասել է այդ մասին, վերջինս պատասխանել է, որ պարզաբանելու պարտավորություն չունի։ Նա հայտնեց, որ փաստաբաններին խնդրել է պարզաբանել, թե ինչում են իրեն մեղադրում, մեղադրանքն անհասկանալի է, քանի որ որևէ գործողություն նկարագրված չէ, սակայն փաստաբաններն ասել են՝ իրենք էլ չեն հասկանում։

 

«Պատկերացրեք՝ փաստաբանները չեն հասկանում, չգիտեն՝ ինչպես ինձ պաշտպանել։ Քննիչը համարել է, որ այն պարզաբանելու պարտավորություն չունի։ Դուք ինձ հարցնում եք՝ հասկանալի է, թե ոչ։լ Եթե Դուք պարզաբանելու պարտավորություն չունեք. Ինչու եք ինձ այդ հարցը տալիս։ Կամ եթե այս դահլիճում ոչ ոք նման պարտականություն չունի, ինչու եք այդ հարցը ինձ տալիս։ Ձևական ինչ-որ մի բա՞ն է։ Ենթադրում եմ, որ օրենքի պահանջ է։ Ուրեմն կա օրենսդրական բաց»,- նշեց Քոչարյանը։

Արմեն Գևորգյանի պաշտպան Լուսինե Սահակյանը ևս միացավ միջնորդությանը։

Մեղադրող դատախազ Գևորգ Բաղդասարյանն առարկեց միջնորդության դեմ՝ նշելով, որ միջնորդությունը բացարձակ հիմնավորված չէ ու ենթակա է մերժման։

 

Բաղդասարյանը պարզաբանեց, թե ինչի համար է մեղադրվում Քոչարյանը. «Մեղադրվում է խոշոր չափով կաշառք ստանալու մեջ. մանրամասն նկարագրվել է, թե ով ում հաշվին ինչի համար ինչքան գումար է փոխանցել»։

 

Լսելով կողմերի դիրքորոշումը՝ դատարանը հեռացավ խորհրդակցական սենյակ՝ որոշում կայացնելու։ Դատարանի որոշումը կհրապարակվի մարտի 1-ին՝ ժամը 13.00-ին։


Ըստ մեղադրական եզրակացության՝ Ռոբերտ Քոչարյանը մեղադրվում է այն բանի համար, որ նա, 1998-2008թ զբաղեցնելով ՀՀ նախագահի պաշտոնը, իր պաշտոնեական դիրքն օգտագործելով Սիլվա Համբարձումյանի օգտին գործողություններ կատարելու, նպաստելու, այն է՝ ընկերությանը տրամադրված ընդերքն օգտակար հանածոների շահագործման համար հատուկ լիցենզիաներով ընկերության 100 տոկոս բաժնեմասերի ՀՀ-ում ոչ ռեզիդենտ ընկերությանը վաճառելու գործարքին չխոչընդոտելու համար 2008թ փետրվարին և մայիսին Սամվել Մայրապետյանի օժանդակությամբ նրանից ստացել է առանձնապես խոշոր չափերով 927 մլն ՀՀ դրամին համարժեք 3 մլն ԱՄՆ դոլարի չափով կաշառք։ Ըստ մեղադրական եզրակացության՝ Արմեն Գևորգյանը մեղադրվում է այն բանի համար, որ նա, 2006թ փետրվարից մինչև 2008թ ապրիլի 21-ը զբաղեցնելով ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավարի և ԱԽ քարտուղարի պաշտոնները, օգտագործելով իր պաշտոնեական դիրքը, Սիլվա Համբարձումյանի օգտին գործողություններ կատարելուն նպաստելու համար 2008թ ապրիլին Սամվել Մայրապետյանի օժանդակությամբ ստացել է 309 մլն ՀՀ դրամին համարժեք 1 մլն ԱՄՆ դոլար կաշառք, ինչպես նաև՝ խեղաթյուրելով և թաքցնելով նման գումարի իրական բնույթն ու ծագումը, օրինականացրել է առանձնապես խոշոր չափերով հանցավոր ճանապարհով ստացված եկամուտները։'

 

Նկարը` Photolure.am

Քաղաքականություն