«Հյուսիսային հոսք-2» գազատարի շահագործման հանձնումը կսառեցվի. Շոլց

«Հյուսիսային հոսք-2» գազատարի շահագործման հանձնումը կսառեցվի։ Deutsche Welle պարբերականի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը։ Նա հայտարարել է, որ Գերմանիայի էկոնոմիկայի և բնապահպանության նախարարությանը հանձնարարել է դադարեցնել «Հյուսիսային հոսք-2»-ի հավաստագրումը։

 

Գերմանիայի կանցլերի խոսքով՝ Ռուսաստանի նկատմամբ առաջնային պատժամիջոցներին զուգահեռ կարևոր է կանխել հետագա էսկալացումը, որին ուղղված են դիվանագիտական բոլոր ջանքերը։

 

«Հյուսիսային հոսք-2» գազատարի շինարարությունն ավարտվել է դեռ անցյալ տարվա սեպտեմբերին։ Դրա շահագործմանը դեմ են արտահայտվում Ուկրաինան և Արևելյան Եվոպայի մի շարք երկրներ, որոնք պնդում են, որ տվյալ գազատարը գործիք է Ռուսաստանի քաղաքական ազդեցության համար։

 

ԱՄՆ-ի կարծիքով՝ «Հյուսիսային հոսք-2»-ը կմեծացնի Եվրոպայի կախվածությունը ռուսական գազից։

 

Հիշեցնենք՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ճանաչել է Դոնեցկի և Լուգանսկի հանրապետությունները։ Այնուհետև նա ստորագրել է այդ հանրապետությունների անկախության ճանաչման մասին հրամանագրերը։ Դրանցում ՌԴ ԱԳՆ-ին հանձնարարվել է դիվանագիտական կապեր հաստատել Դոնեցկի և Լուգանսկի հանրապետությունների հետ, իսկ պաշտպանության նախարարությանը՝ ապահովել այդ հանրապետություններում խաղաղության պահպանումը ռուսական զինված ուժերի կողմից։ Բացի այդ, Պուտինը Դոնեցկի և Լուգանսկի հանրապետությունների ղեկավարների հետ կնքել է բարեկամության, համագործակցության և փոխադարձ օգնության մասին պայմանագրեր։