
«Ի դեպ, իսկ հիշո՞ւմ եք, թե ով թույլատրեց զինվորներին սմարթֆոններ պահել». Կարեն Վրթանեսյան

«Ռազմինֆո» մասնագիտացված կայքի համակարգող Կարեն Վրթանեսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է: Նա մասնավորապես գրել է.
«Անվտանգային-պաշտպանական մի քանի թեմաների անդրադառնամ, որոնց մասին վերջին օրերին շատ է խոսվում։ Ազգային դավաճանության մեղադրանքով 19 զինվորականների (ներկա և նախկին) ձերբակալումը:
Շեշտեմ, որ անձամբ ես հարցեր շատ ունեմ, իսկ ԱԱԾ-ի հաղորդագրությունների հանդեպ վստահությունն արդեն վաղուց զրոյական է։ Այնուամենայնիվ որևէ արտառոց բան չկա, որ թշնամին փորձել էր ու անընդհատ շարունակելու է փորձել զինվորականների և ընդհանրապես Հայաստանի բնակիչների հավաքագրել։
Դրա դեմը գոնե մասամբ առնելու համար պետք են նույն կերպ անդադար, համակարգված ու բազմակողմանի գործողություններ։ Սկսած մեդիագրագիտությունը զարգացնելուց, վերջացրած զինվորականներին ի վերջո սոցցանցերից հանելով։
Ի դեպ, իսկ հիշո՞ւմ եք, թե ով թույլատրեց զինվորներին սմարթֆոններ պահել։
Դատելով այսօրվա տեսանյութից (եթե ֆեյք չեն ձայնագրությունները), ապա ձերբակալվածներից մի քանիսը ադրբեջանցիների հետ փոխանակած ձայնային հաղորդագրությունները պատերազմից անցած 1,5 տարիներին շարունակել են պահել հեռախոսներում։ Մտածե՞լ եք, թե մտավոր զարգացման ինչպիսի «պլինտուսային մակարդակում» պիտի գտնվի մարդը, որ այդպիսի վտանգավոր հանցանշանները չվերացնի իր հեռախոսից։
Կրկնեմ. եթե բեմադրած կամ կեղծած չէ այս ամենը։
44-օրյա պատերազմի սխալների և հանցագործությունների կոծկման հանձնաժողով
Մեղուները մեղրի դեմ պայքարի հանձնաժողով են ստեղծել։
Իսկ եթե լուրջ, ապա պետք է ոչ թե միամիտ, այլ կատարյալ ապուշ լինել անկեղծ հավատալու համար, թե իշխանությունները օբյեկտիվորեն քննելու են իրենց իսկ սխալները և հանցագործությունները։
Վստահ եմ, որ հանձնաժողովն օգտագործվելու է որպես քաղաքական գործիք զինվորականության ու նախորդ իշխանությունների որոշ դեմքերին մեղավոր նշանակելու համար»։