ՏԵՍԱՅՈՒԹ․ Արաբները գնում են հայերի հողերը․ ինչ են պատմում գյուղացիները
Կարբի գյուղի վերջում նորակառույց հյուրանոցային համալիր է կառուցվում: NEWS.am-ին տեղում աշխատող շինարարները փոխանցեցին, սեփականատերը 55–60 տարեկան արաբ է, որն ամուսնացել է հայ աղջկա հետ ու նրանից ունի 2 երեխա։ Համալիրի գլխավոր մասնաշենքի շինարարությունն արդեն ավարտվել է, քոթեջներն էլ ավարտուն տեսք կստանան 5–ամսյա ժամկետում։
Շինարարները գոհ են սեփականատիրոջ վերաբերմունքից, աշխատավարձից, բայց շինարարական աշխատանքին անձամբ հետևում է Դավիթ Հարությունյան անունով մի հայ։ Ասում են՝ բացի այս կառույցից արաբն այլ կապիտալներ ևս ունի Հայաստանում, մասնավորապես Աբովյանում, շատ լավ խոսում է հայերեն և տարվա մեջ առնվազն 2–3 անգամ գալիս է Հայաստան։ Այս հյուրանոցի կողքի առանձնատունը ևս նրանն է։ Վերջին շրջանում շատ են խոսակցությունները, թե Արագածոտնի մարզի գյուղերում թուրքերն արաբների անվան տակ հողեր ու կառույցներ են գնում։ Օհանավանցիները լսել են, որ իրենց գյուղում ևս կասկածելի մարդիկ հողատարածքներ են գնել, անգամ սեփական տներ, սակայն նրանց չեն տեսել։ Նկատում են՝ բոլորին ներկայացնում են որպես արաբներ։ Գյուղացիները նաև ասում են՝ գոնե օրենք պետք է ընդունել, որ հողը նրանց վարձակալական հիմունքներով տրամադրվի, ոչ թե սեփականության իրավունք տրվի։
«Ակնհայտ երևում է, թե ինչքան տարածքներ են արաբները վերցրել: Բայց գոնե ժամանակավոր վերցնեն, օգտագործեն: Բայց որ գրանցում են, սեփականության իրավունքով տալիս, պորտից պորտ իրենցն է լինելու: Իսկ Հայաստանն էլ կամաց-կամաց իր տեղը զիջում ա», -ասում է օհանավանցիներից մեկը: Շարունակելով նրա միտքը, գյուղացիներից մեկն էլ նշում է.
«Լավ էլ ապրում են էստեղ, լավ էլ տնավորվել են, լավ էլ իրենց գործերը անում են: Ասում են` արաբներ են, իսկ դրանք լավ էլ փող ունեն: Եթե հայ գնորդը մի հողին տալիս է 5000 դոլար, նրանք տալիս են 15 000 դոլար: Գյուղացին էլ իր հողը բնականաբար թանկով է վաճառում»: Օհանավանցիներից մեկն էլ աշխատում է մի հողամասում, որի սեփականատիրոջը անձամբ չի ճանաչում, չի տեսել, անմիջական գործատուն հայ է։ Նրան էլ ասել են՝ հողի սեփականատերն արաբ է։ «Ես աշխատում եմ բայց չգիտեմ ովքեր են: Ինձ հետ հայեր են աշխատում, բայց գիտեմ, որ իրենցն էլ չէ: Շինարարություն են անում, ցանք, ցորեն, այգի»:
Մանրամասները՝ news.am-ի ռեպորտաժում․