Կոմպոզիտորի գերեզմանի շուրջ վե՞ճ է ծագել. Արամոն` լուրի մասին

Երեկ «Արամ Խաչատրյան» համերգասրահի բակում հավաքվածները ծափահարություններով հրաժեշտ տվեցին ՀՀ ժողովրդական արտիստ, Հայաստանի երգի պետական թատրոնի հիմնադիր և գեղարվեստական ղեկավար, կոմպոզիտոր Արթուր Գրիգորյանին։ Մամուլն այսօր գրեց, որ անվանի կոմպոզիտորի թաղման շուրջ խնդիրներ և վեճեր են առաջացել։

 

Գրիգորիչը դեռ կենդանություն օրոք ցանկություն է հայտնել հուղարկավորվել քաղաքային պանթեոնում Ռիմա Դեմիրճյանի հարևանությամբ գտնվող ազատ հողակտորում, բայց պարզվել է, որ այդ հողակտորը ուրիշի է պատկանում, և կոմպոզիտորի աճյունը այլ վայրում են հողին հանձնել։

 

ArmDaily.am-ի հետ զրույցում ՀՀ վաստակավոր արտիստ Արամոն ասել է, որ կոմպոզիտորի հոգեհանգստի և հուղարկավորության արարողությունները կազմակերպվել են այնպես ինչպես պետք էր։

 

«Մենք արտիստներով, դերասաններով, նաև հանրությունը Գրիգորիչի և հուղարկավորության օրն էինք, և պանիխիդայի։ Ամեն ինչ նորմալ է, ոչ մի խնդիր չկա»,- ասել է երգիչը։

 

Մամուլը գրել էր նաև, որ Գրիգորիչի համար պանթեոնում հատկացված տեղը անշուք է և մեծն արտիստին վայել չէ։ Անդրադառնալով այս խոսակցություններին՝ Արամոն նշեց. «Գերեզմանում շքեղ և անշուքը ո՞րն է։ Ամեն ինչ նորմալ է։ Մենք հանգիստ Գրիգորիչին հանձնեցինք հողին, հոգուն հանգստություն, Աստված պահապան, լույսերի մեջ պահի»։

Քաղաքականություն