Որտեղ են Շուշիից փրկված գորգերը․ Վարդան Ասծատրյանը մանրամասներ է ներկայացնում

Շուշիի գորգերի թանգարանից պատերազմի օրերին դուրս բերած հավաքածուի ճակատագիրը դեռ  անորոշ է։ 44-օրյա պատերազմի օրերին Շուշիի գորգերի թանգարանից դուրս բերված հավաքածուի ցուցադրման նոր հասցեն դեռ անորոշ է։ Շուշիի գորգերի թանգարանի հիմնադիր Վարդան Ասծատրյանը Auroranews-ի հետ զրույցում նշեց, որ գորգրն այս պահին գտնվում են Ալեքսանդր Թամանյանի թանգարան-ինստիտուտ պահոցում։ 

 

Գորգերը մինչև այժմ ցուցադրվում էին Երևանում` Ալեքսանդր Թամանյանի անվան ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտում: 2021–ի դեկտեմբերի վերջին Ասծատրյանը տեղեկացրել է, որ ցուցահանդեսը պետք է հավաքվի։

 

«Մոտ մի շաբաթ առաջ ԿԳՄՍ նախարարությունից ինձ հրավիրել են, գնացել եմ իրենց մոտ, ասացին, որ հարցն իրենց ուշադրության կենտրոնում է։ Իրենք էլ աշխատում այս հարցի շուրջ, բայց արդյունք չկա։ Սա է վիճակը՝ հստակ չգիտեմ, թե ինչ է լինելու։ Գիտեն, բոլորն էլ ծանոթ են խնդրին, բայց լուծում չի գտնվում էլի։ Հուսով եմ, որ մի բան կլինի։ Ամոթ էլ է, աշխարհով մեկ խայտառակ ենք լինում։ Նման հարցերն արագ լուծելի են, եթե ցանկություն է լինում»,- նշեց նա։ 

 

Հիշեցնենք՝ իրավիճակը բավականին դիպուկ էր նկարագրել ֆեյսբուքյան օգտատեր Նիկոլայ Թորոսյանը, նշելով․ «Կարծում եմ՝ ճիշտ կլինի գորգերից մի քանի հատն օգտագործել մի քանի ծառայողական մեքենայի բեռնախցիկի քեչայի համար, 1-2-ն էլ կարելի է կտրտել-փռել դիմացի նստատեղերին, որ նստելուց չմաշեն, իսկ մնացածը պետք է վերադարձնել ադրբեջանցիներին: Այ այդ ժամանակ մենք կսիրենք այդ գորգերը, որոնք հիմա անտեսում ենք: Իսկ եթե իրեն էլ կտրտեն՝ ավելի կսիրենք: Ինչպես այսօր սիրում ենք Ջուղայի գերեզմանները, բայց ավիրում ենք Առինջի միջնադարյան խաչքարադաշտը, ինչպես պաշտում ենք Վանը, բայց կեղտոտում Սևանը, սիրում ենք Սասունը, բայց ավիրում Տավուշը, ինչպես լացում ենք Ղազանչեցոցի վիճակի համար, բայց հանգիստ անցնում ենք Արամի տան մոտով»։

Քաղաքականություն