
Ինչ վիճակով է Վլեն գնացել տուն. մանրամասներ՝ աղմկահարույց դեպքից

Ինչպես հայտնել էինք երեկ, Կապանի զորամասից փախուստի դիմած եզդի զինծառայող Վլե Ֆերոյանը երեկ կապ էր հաստատել տուն՝ իսկ այսօր արդեն տանն է:
Դեպքի վերաբերյալ մանրամասներ ստանալու նպատակով ԼՈՒՐԵՐ.com -ը զրուցել է նորակոչիկի տատի՝ Ռոզա Ֆերոյանի հետ, որն ասել է, տղան հոգեբանական շատ վատ վիճակում է։
«Թոռնիկս տուն է վերադարձել երեկ, տաքսիով եկել է, ես էլ դիմավորել եմ: Շատ վատ հոգեվիճակում էր, հագուստը հին ու պատռված էր, ես չեմ հասկանում այդքան գումարը որտեղ է գնում, որ նորակոչիկին տալիս են հին և պատռված զինվորական համազգեստ»,- բարկացած նշել է Ռոզա Ֆերոյանը:
Լրատվամիջոցը հետաքրքրվել է՝ արդյո՞ք Վլեի մարմնին առկա են բռնության հետքեր, նա պատասխանեց. «Կապտուկներ չկան, նման բան չեմ կարող ասել, բայց կրծքավանդակը, ձեռքերը, ոտքերը ցավում են ահավոր»:
Վերջինս նշել է, որ այս պահին Վլեն դեռ տանն է, իր հետևից որևէ մեկ տուն չի գնացել. «Այսօր ես անպայման թոռանս կտանեմ, կհանձնեմ ռազմական ոստիկանություն, բայց պայմանով՝ որ այդ զորամասում նա չի ծառայելու: Ավելի լավ ա գնա դատվի, քան վերադառնա էդ զորամաս»։
Ըստ Ռոզա Ֆերոյանի՝ ողջ եզդիական համայնքը, փաստաբանները ոտքի են կանգնել՝ Վլեին այլ զորամաս տեղափոխելու համար:
Հիշեցնենք, Auroranews-ին ուշագրավ մանրամասներ էին հայտնի դարձել Կապանի զորամասից անհետացած Վլե Ֆերոյանի ծառայության վերաբերյալ։ Զորամասից մեզ ահազանգած զինծառայողները հայտում են, որ Ֆերոյանին ծեծի ենթարկելու լուրերը, որոնք տարածում են նրա հարազատները, իրականության հետ որևէ կապ չունեն։
«Նախ նշենք, որ Ֆերոյանի եղբայրն էլ մեզանից ոչ հեռու տարածքում տեղակայված զորամասերից մեկում է ծառայում, և նույն իրավիճակն էլ նրա հետ է՝ պարբերաբար խնդիրներ է ստեղծում, չի ուզում մասնակցել վերակարգի հետ կապված որևէ հարցի։ Բայց ո՞նց է ստացվում, որ զորամասում գտնվող բոլոր զինծառայողներով էդ նույն գործն անում ենք։ Որևէ մեկն իրեն չի ծեծել, հարազատներն այդ լուրերը տարածում են, որ նրան արդարացնեն, բայց այդպես չի լինում։ Դե եկեք բոլորս ոչինչ չանենք, զանգենք մեր հարազատներին դժգոհենք ու փախնենք զորամասից»,- ասել էին մեր զրուցակիցները՝ խնդրելով իրենց տվյալները գաղտնի պահել։
Նրանցից մեկն էլ նշել էր, որ զորամասի հրամանատարին էլ է հասել այս հարցը, և նա էլ է փորձել միջամտել․ «Մենք գիտենք, որ հրամանատարն նրան կանչել է իր սենյակ, էդ ընթացքում հրամանատարը սկսել է իր սենյակն ավլել, ասել է, որ ինքն էլ է դա անում ու դրա մեջ որևէ վատ բան չկա՝ հատկապես, որ ծառայակիցներից որևէ մեկը չի խուսափում զորամասում կարգուկանոն և մաքրություն պահել»։
Հիշեցնենք՝ ավելի վաղ հայտնել էինք, որ հունվարի 31-ին բանակ զորակոչված ազգությամբ եզդի Վլե Ֆերոյանի հարազատները ահազանգել են, որ իրենց ազգականին դաժան ծեծի են ենթարկել, ստիպել մաքրել զուգարանները։ Նշել են, որ Կապանի զորամասի հրամանատարական կազմը նսեմացրել և ծեծի է ենթարկել Ֆերոյանին, որից հետո զինվորը դիմել է փախուստի, և մինչ այս պահը նրա մասին որևէ լուր չկա։