Վարորդը պարեկին 20 հազար դրամ է առաջարկել․ մանրամասներ

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում ՀՀ քրեական օրենսգրքի 312-րդ հոդվածի 1-ին մասով հարուցված քրեական գործի նախաքննության ընթացքում ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ հիմնավորվել է, որ 2022 թվականի հունվարի 26-ին՝ ժամը 2-ի սահմաններում, ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի պարեկները, Կոմիտասի պողոտայում ծառայություն իրականացնելիս, տրանսպորտային միջոցը թաղանթապատված դիմապակիով վարելու կասկածանքով կանգնեցրել են «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան, որից հետո նկատել են, որ վարորդ Ա. Խաչատրյանը գտնվել է ոչ սթափ վիճակում: Երբ պարեկները վարորդին առաջարկել են սթափության վիճակի զննություն անցնել հատուկ սարքի միջոցով, վերջինս առաջարկել է հարցն «այլ կերպ լուծել»: Մասնավորապես, իր օգտին ակնհայտ ապօրինի անգործություն կատարելու՝ սթափության վիճակի զննության չենթարկելու և վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն չկազմելու դիմաց Ա. Խաչատրյանը փորձել է 20.000 ՀՀ դրամ կաշառք տալ պարեկին, ինչից անմիջապես հետո բերման է ենթարկվել ՀՀ ոստիկանության Արաբկիրի բաժին:

Ոստիկանության պաշտոնատար անձին կաշառք առաջարկելու համար 31.01.2022 թվականին Ա. Խաչատրյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 312-րդ հոդվածի 1-ին մասով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին:

Նախաքննությունը շարունակվում է:

Հաշվի առնելով վերջին շրջանում հաճախ արձանագրվող` ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության աշխատակիցներին կաշառք տալու կամ առաջարկելու դեպքերը, ինչպես նաև հանրության իրազեկվածության մակարդակը բարձրացնելու նպատակով հարկ ենք համարում հիշեցնել, որ ոչ միայն կաշառք տալը, այլ նաև առաջարկելը, համաձայն ՀՀ քրեական օրենսգրքի 312-րդ հոդվածի, համարվում է քրեորեն հետապնդելի արարք, որի համար նախատեսված է ընդհուպ մինչև 3 տարի ժամկետով ազատազրկում, ուստի հորդորում ենք զերծ մնալ նման արարքներ կատարելուց և դրսևորել իրավաչափ վարքագիծ:

 

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: