
Մեր ապրուստի միջոցը՝ մեքենան, օգտագործեցինք պատերազմի ժամանակ, էլ պիտանի չէ․ ահազանգ՝ պետությունը փոխհատուցում չի տրամադրում

Արդեն մեկ տարուց ավել է, որ մեր խնդիրը չի կարգավորվում՝ հասկանում ենք, որ երկիրը ծանր կացության մեջ է, սակայն մեր ապրուստի և կյանքի որակը փոխվել է ու հարցին լուծում չկա։ Այս մասին Auroranews-ի հետ զրույցում ասաց 44 օրյա պատերազմի մասնակից Արտյոմ Առաքելյանի կինը՝ Աղավնի Մարտիրոսյանը։
«Պատերազմի երրորդ օրն ամուսինս կամավորագրվեց և մեր ընտանիքին պատկանող «HOWO» մակնիշի բեռնատար մեքենայով մեկնեց ծառայության։ Դե պատերազմի ընթացքի ու ամուսնուս ապրումների մասին նկարագրելն անիմաստ է։ Պատերազմի 24-րդ օրը վերադարձավ և իր հետ բերեց մեր բեռնատարը՝ արդեն լրիվ շարքից դուրս եկած և ամբողջությամբ վնասված վիճակում։ Ամուսինս մեր տան միակ աշխատողն էր, սակայն այսօր գործազուրկ է»,- ասաց տիկին Աղավնին։
Արտյոմ Առաքելյանը վերոնշյալ մեքենայով աշխատել է ասֆալտապատման ընկերություններից մեկում և ըստ կնոջ՝ ամուսնու աշխատանքային խիստ շրջանն ամռան ամիսներն են եղել։
«Այդ ընթացքում հասցնում էին ապրուստի համար գումար կուտակել և պահել մեր երեք երեխաներին, որոնցից մեկն ուսանող է, իսկ մյուս երկուսը՝ անչափահաս։ Ծառայության համար պետությունը ամուսնուս վճարել է շուրջ 160 հազար դրամ, պետությունը փոխհատուցել է նաև երեխայիս կիսամյակային ուսման վարձը՝ տրամադրելով 250 հազար դրամ»,- նշեց մեր զրուցակիցը։
Տիկին Աղավնիի խոսքով՝ բանն այն է, որ իրենք իրենց միջոցներով փորձել են խնդրին լուծում տալ, չնայած նրան, որ ինչպես ՀՀ Պաշտպանության նախարարությունից, այնպես էլ ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարությունից Առաքելյաններին վստահեցրել են, որ բեռնատարի համար պետության կողմից փոխհատուցում կլինի, սակայն, ինչպես իրենք են պնդում՝ մինչև օրս որևէ արձագանք չկա պետական կառույցների կողմից։
«Մենք վարկ էլ վերցրինք, բայց հարցը լուծել չկարողացանք։ Բեռատարի մեկ անվադողն արժե 160 հազար դրամ, իսկ մեր մեքենային պետք է նման 8 անվաղդող։ Սակայն միայն անվադողերը չեն, որ վնասված են՝ կարևոր նշանակության այլ մասեր էլ են վնասվել։ Հիմա մեքենան շահագործման ենթակա չէ»,- ասաց Մարտիրոսյանը՝ ընդգծելով, որ իրենց ընտանիքը միակը չէ, որ տուժել է ստեղծված իրավիճակից։
Մեզ տրամադրած լուսանկարները փաստում են, որ մեքենան հաշվառվել և ուղարկվել է Արցախ։
Auroranews-ը կապ հաստատեց մեկ այլ քաղաքացու՝ Անդրանիկ Աթոյանի հետ, ով նույնպես պատերազմի մասնակից է և իր բեռնատար մեքենայով մասնակցել է մարտական գործողություններին։ «Մեքենաս ծառայել է որպես զենք տեղափոխող մեքենա, ես Ստեփանակերտից զենք եմ հասցրել տղերքին ու չեմ հիշում թե պատերազմի որերորդ օրն էր, որ մեքենան ռմբակոծության տակ հայտնվեց։ Հիմա ամբողջությամբ վնասված է, ասել են, որ պետական հատուցում է լինելու, բայց ե՞րբ ու որքա՞ն՝ չգիտեմ»,- ասաց Աթոյանը։