
«Հայաստան» խմբակցության պատգամավորներ Մխիթար Զաքարյանն ու Արթուր Սարգսյանն ազատ արձակվեցին

Կալանքն այնպիսի բան է, որ առաջին իսկ օրվանից սպասում ես կալանքից ազատվելուն։ ՔԿՀ–ից դուրս գալուց հետո լրագրողների հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր և Մեղրի համայնքի նախկին ղեկավար Մխիթար Զաքարյանը, որը քիչ առաջ ազատ արձակվեց կալանքից։
«Առողջական վիճակս նորմալ է, մեկ վիրահատություն եմ տարել այս ընթացքում։ Կնախընտրեի չխոսել այս մասին»,–ասաց Զաքարյանը։
Հարցին, թե ինչ կասի սահմանին տիրող իրավիճակի մասին, Զաքարյանը նշեց, որ սահմանային լարվածությունների դեմը պետք է առնի ուժեղ պետությունն ու կանոնավոր բանակը։
Նրա խոսքով` այս դեպքում իրատեսական լուծում կլինի այն, որ բանակն ուժեղանա, իսկ պաշտպանության նախարարությունն ու գլխավոր շտաբն էլ իրենց պարտականությունները կատարեն։
Իսկ հարցին, թե իր կալանավորումը կապո՞ւմ է սահմանին տիրող լարված իրավիճակի հետ, Զաքարյանը պատասխանեց, որ չնայած կալանքը ծանր բան է, սակայն երբ երկիրն այս` «զուլումի իրավիճակում» է, կալանքից շատ խոսելը եսասիրություն է։
«Կալանավայրն առողջարան չէ, սակայն ես ավելի ծանր պայմաններում էլ եմ գտնվել»,–ասաց Զաքարյանը։