
ԱԺ նախագահին կամ վարչապետին դիմակ չկրելու համար տուգանել չենք կարող. Ասոյան

ԱԺ նախագահին կամ վարչապետին դիմակ չկրելու համար տուգանել չենք կարող։ ԱԺ-ում լրագրողների հետ զրույցի ժամանակ ասաց ՀՀ վարչապետի աշխատակազմի տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի ղեկավար Արթուր Ասոյանը։
Անդրադառնալով հունվարի 1-ից ուժի մեջ մտնող որոշմանը, որի համաձայն սննդի, ժամանցի և մշակութային վայրեր մուտքը հնարավոր կլինի պատվաստված լինելու կամ ՊՇՌ բացասական թեստի պատասխանի դեպքում, Արթուր Ասոյանը նշեց, որ դեռ կարգավորումները մշակման փուլում են, սակայն լրագրողներին ներկայացրեց մի օրինակ։
«Նույն դիմակի պահանջի հետ կապված ոստիկանությունը կամ տեսչական մարմինն ամեն օր չի մտնում տնտեսվարողի մոտ, որ ստուգի։
Դա տնտեսվարողի պատասխանատվության ներքո է։ Սա էլ երևի նույն տրամաբանությամբ կգործի։ Այսինքն տնտեսվարող սուբյեկտը մարդու QR կոդը կստուգի և կթողնի»,-ասաց Արթուր Ասոյանը՝ հավելելով, որ ցանկացած պարագայում իրենք նախ ապավինում են քաղաքացիների ողջամտությանը և տնտեսվարողների բարեխղճությանը։